28/05/2017 23:35
Ես միշտ էլ սիրով ու նվիրվածությամբ եմ աշխատել երկրի, ժողովրդի համար. Արմեն Էլբակյանն արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ, դերասան Արմեն Էլբակյանը թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար այսօր արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչման:
Այս կոչման համար նրա թեկնածությունը դեռևս 10 տարի առաջ առաջադրել էին ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն ու ՀՀ Ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը:
Aysor.am-ի հետ զրույցում Արմեն Էլբակյանը խոստովանեց, որ այս աշխարհում յուրաքանչյուր մարդ սիրո, կարեկցանքի և գնահատման կարիք ունի:
«Ինքս շնորհակալ եմ աշխատանքս գնահատելու համար, չէ՞ որ կարող էին չնկատել ու չգնահատել: Ես միշտ էլ սիրով ու նվիրվածությամբ եմ աշխատել մեր երկրի, ժողովրդի համար՝ փորձելով փոխանցել այն ամեն գեղեցիկը, որը յուրաքանչյուր արվեստագետ պարտավոր է փոխանցել իր հանդիսատեսին, հասարակությանը», - ասաց նա:
Aysor.am-ը շնորհավորում է Արմեն Էլբակյանին՝ ցանկանալով ստեղծագործական նորանոր վերելքներ ու հաջողություններ:
Ա. Էլբակյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ վաղը: