29/05/2017 11:05
Ազատ ոճի երիտասարդ ըմբիշները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը մայիսի 26-27-ը Բելառուսում մասնակցել է միջազգային մրցաշարի։ Հայ ըմբիշները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել։
Երիտասարդները մրցել են մեծահասակների մրցաշարում։
Բելառուսում չեմպիոն են դարձել Արսեն Հարությունյանը (57 կգ քաշային կարգ) և Գեղամ Գալստյանը (65 կգ)։ Արծաթե մեդալի են արժանացել Կարեն Զուրաբյանը (57 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ)։ Իսկ Վարդգես Կարապետյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին։
Հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ է տղաներից։ Մինչև Եվրոպայի առաջնությունը սխալները շտկելու ժամանակ ունեն։
Այժմ ազատ ոճի երիտասարդական հավաքականը Վլադիկավկազում է, որտեղ մինչև հունիսի 10-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի։