29/05/2017 10:53
Արթուր Ալեքսանյանն ու Նազիկ Ավդալյանը հանդիպել են վիրավոր զինվորներին
Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանն նախօրեին «Հերացի» N1 հիվանդանոցային համալիրի բակում հանդիպեցին վիրավոր զինվորներին՝ միասին նշելու Հայաստանի առաջին հանրապետության օրը։ Հայ մարզիկները զրուցել են զինվորների հետ, պատասխանեցին նրանց հարցերին։
ՀԱՕԿ կայքից տեղեկանում ենք, որ օլիմպիական չեմպիոնը կարևորել է նման հանդիպումները և վերականգնողական փուլում գտնվող զինվորներին շուտափույթ ապաքինում մաղթել.
«Նրանց շնորհիվ է, որ մենք այսօր կանգնած ենք մեր հողի վրա։ Նրանք մեր հերոսներն են, պետք է հպարտանանք նրանցով»,- ասել է Արթուր Ալեքսանյանը։
Նազիկ Ավդալյանը նույնպես առողջություն է ցանկացել զինվորներին, ասելով, որ աղոթքներում հիշում է նրանց։
Հանդիպմանը ներկա են եղել ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը.
«Մենք անելու ենք հնարավոր ամեն բան՝ նրանց առողջանալու և ակտիվ կյանք վերադառնալու համար։ Կան բազմաթիվ ծրագրեր։ Օրինակ, տղաներին վերականգնել տարբեր մարզաձևերի միջոցով»,- նշել է Հրաչյա Ռոստոմյանը։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ հայտնել է, որ նմանատիպ միջոցառումներ անցկացվում են գրեթե ամեն օր.
«Առանձնահատուկ է, երբ այս տղաների ներկայությամբ ենք մեկս մյուսին շնորհավորում մայիսի 28-ի առթիվ։ Խորհրդանշական է, որ մեր չեմպիոնների հետ հադիպումը հենց այս հիվանդանոցի բակում է, քանի որ այստեղ ստեղծվում է զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն»,- ասել է Արմեն Մուրադյանը։