29/05/2017 15:25
Գուցե ինքս էլ համաձայն չեմ այս կամ այն ստեղծագործողին տրված կոչման հետ, բայց նա միլիոնանոց ստադիոն է լցնում. Արմեն Էլբակյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ, դերասան Արմեն Էլբակյանը թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար մայիս 28-ին արժանացավ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչմանը: Aysor.am-ի հետ զրույցում Ա. Էլբակյանն ընդգծեց՝ կարևորում է ոչ միայն կոչումն, այլև պատմական այն օրը, երբ արժանացավ դրան:
«Ինձ համար ամենակարևորն այն է, որ հենց մայիս 28-ին ստացա այս կոչումը: Իմ երկու պապերն էլ հայրենիքի «թշնամիներ» են եղել. նրանցից մեկը ցարական բանակի սպա էր, բժիշկ, ռուս-թուրքական պատերազմի կրկնակի հերոս, ով ուներ ռուսական բոլոր շքանշանները: Գնդակյահարեցին 1937 թվականին… Մյուս պապիս՝ Գևորգ Էլբակյանին, Սիբիր աքսորեցին: Վերադարձավ Ստալինի մահից հետո… Այնպես որ, փոքր հասակից դաստիարակվել եմ հոգեբանությամբ, որ ինձ համար մեր անկախությունը, պետականությունը երազանք են: Ուրախ եմ, որ հենց այսօր են գնահատել իմ երկար տարիների նվիրված աշխատանքը, որը մեծ սիրով եմ կատարել», - նշեց Ա. Էլբակյանը:
Հարցին՝ որքանո՞վ է արդեն իսկ կայացած արտիստի պատասխանատվությունն ավելանում նման կոչմամբ, նկատեց.
«Մենք մեր գործին միշտ էլ պատասխանատվությամբ ենք վերաբերում: Հասարակության դատին հանձնվող յուրաքանչյուր ստեղծագործություն իրենից արդեն իսկ մեծ պատասխանատվություն է ներկայացնում: Այս կոչումն առավել շատ պարտավորեցնում է, դրդում ավելի քրտնաջան ու սիրով աշխատել ու գտնել այն կարևորը, որի միջոցով մարդիկ կազատագրվեն այս աշխարհում տիրող քաոսից»:
Հատկապես վերջին տարիներին որոշ ստեղծագործողներին տրված կոչումները արվեստագետների, հասարակության շրջանում դժգոհություններ են առաջացնում: Նկատառմանը՝ որքանո՞վ են վիճակահարույց այդ պարգևատրումներն արժեզրկում կոչման իրական արժեքը՝ ՀՀ ժողովրդական արտիստը պատասխանեց.
«Գիտեք, յուրաքանչյուրն իր տեղում ստեղծագործում է, ու եթե կան հասարակական ինչ-որ կազմակերպություններ, որոնք ներկայացնում են այդ մարդկանց թեկնածությունը, ուրեմն պետք է նաև հաշվի առնել այդ դիմումը: Արվեստի բոլոր ճյուղերն էլ իրենց տեսակի մեջ նշանակություն ունեն հասարակության կյանքում, դրանցով հետաքրքրվողներ էլ կան: Գուցե ինքս էլ համաձայն չեմ այս կամ այն ստեղծագործողին տրված կոչման հետ, բայց նա միլիոնանոց ստադիոն է լցնում»:
Շարունակելով խոսքը՝ Ա. Էլբակյանը անգլիացի դրամատուրգի կյանքից մի պատմություն հիշեց, որը մասնակիորեն բնորոշում է ստեղծված իրավիճակը:
«Բեռնարդ Շոուն մի քննադատ տիկնոջ հետ դահլիճում նստած նայում է իր պիեսի բեմադրությունը: Այս կինն անընդհատ կրկնում է, որ դա անճաշակություն է, այդ ի՞նչ է գրել: Ի պատասխան՝ Շոուն համաձայնվում է նրա հետ, անընդհատ գլխով դրական շարժումներ անում: Այդ նույն ժամանակահատվածում հանդիսատեսն անդադար ծափահարում է: Բեռնարդ Շոուն վերջում շրջվում է դեպի այդ կինն ու ասում. «Ես Ձեզ հետ լիովին համաձայն եմ, տիկին, բայց մենք երկուսով ի՞նչ կարող ենք անել այսքանի դեմ»… Այնպես որ, մի քանի հոգով ոչինչ չենք կարող անել հասարակության այն մեծ խմբի դեմ, ովքեր այդ մարդկանց սիրում են», - նկատեց նա:
Ժողովրդական արտիստի կոչման համար Արմեն Էլբակյանի թեկնածությունը դեռևս 10 տարի առաջ առաջադրել էին ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն ու ՀՀ Ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը: Ու թեև առաջարկը տարիներ շարունակ կյանքի չէր կոչվել, սակայն արտիստն անկեղծորեն խոստովանեց՝ կոչման արժանանալն իր համար այնքան էլ անակնկալ չէր:
«Ցավոք, Սոս Սարգսյանն ու Ազատ Գասպարյանն այսօր մեզ հետ չեն: Նրանք 10 տարի առաջ էին առաջադրել թեկնածությունս, թատրոնն էլ հաստատել էր: Այդ ժամանակ դեռևս Խամաճիկների պետական թատրոնում էի… Ինչ վերաբերում է անակնկալին, ապա այն մասնակի էր: Լուսնի վրա չենք ապրում, Հայաստանն էլ փոքր երկիր է: Որոշ բաներ իմանում ենք», - ժպիտով նշեց մեր զրուցակիցը:
Երեկ ՀՀ Ժողովրդական արտիստը տոնական իր օրն անցկացրել է ընկերների ու հարազատների միջավայրում:
«Ցանկացած առիթ ես անցկացնում եմ մտերիմ ընկերներիս, իմ սիրելի հարևանների, թոռնիկների, մայրիկիս ու Աննայիս հետ», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Արմեն Էլբակյանը: