30/05/2017 10:57
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կլուծարվի և դրա հիման վրա կստեղծվի հակակոռուպցիոն հանձնաժողով
Հունիսի 8-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում է հակակոռուպցիոն փաթեթը, որի վրա կառավարությունն ամիսներ շարունակ աշխատում էր: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը, որը տեղյակ է օրենսդրական փոփոխություններից և ներկայացրել առաջարկություններ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կլուծարվի, և դրա հիման վրա կստեղծվի հակակոռուպցիոն հանձնաժողով:
Այս մարմինը, որը զբաղվելու է երկրում կոռուպցիայի դեմ պայքարով, ունենալու է 5 անդամ, ինչպես նաև աշխատակազմ՝ իր առանձին շենքով, ու ավելի լայն լիազորություններ, քան ունի ներկայիս էթիկայի հանձնաժողովը:
Առաջարկվող փոփոխություններով հակակոռուպցիոն հանձնաժողովը ձևավորվելու է Ազգային ժողովի կողմից, իսկ թեկնածուներին առաջարկելու է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը:
«Թեև նախագծով սահմանվում է հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանաջները, սակայն թեկնածուների առաջադրման կարգը սահմանված չէ: Մենք առաջարկել ենք, որ ընդդիմադիր կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները և եթե դա հնարավոր չէ, ապա Մարդու իրավունքների պաշտպանը իրավունք ունենան թեկնածու ներկայացնել», - ասաց Տիգրանյանը:
Նրա խոսքով՝ հակակոռուպցիոն հանձնաժողովն ունենալու է ավելի շատ անկախության երաշխիքներ, քան ներկայիս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը: Ներկայացված նախագծով, ըստ իրավաբանի, սահմանվում է հանձնաժողովի ինքնավարությունը, ֆինանսական անկախությունը, ավելին՝ հանձնաժողովի անդամի անկախության մասին դրույթ կա նախագծում:
Բացի այդ, ըստ Հ. Տիգրանյանի, այս նախագծով ավելի հաջող է սահմանվում «շահերի բախում» եզրույթը, բայց նեղացվել է հայտարարագիր ներկայացնող սուբյեկտների շրջանակը:
«Մենք առաջարկել ու ակնկալում էինք, որ շահերի բախումը պետք է վերաբերի նաև հանրային ծառայողներին, բայց նախագծով շահերի բախումը վերաբերում է միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց: Եվ հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը նեղացվել է մինչև ընտանիքի կազմի մեջ գտնվող անդամներ, այսինքն՝ տարվա մեջ 183 և ավելի օր ապրում են մեկ տանիքի տակ, վարում են մեկ տնտեսություն ու ներկայացնում են հայտարարագիր: Եվ զոքանչը, չափահաս զավակը կարող են միասին չապրել ու հայտարարագիր չներկայացնել», - բացատրեց Հերիքնազ Տիգրանյանը:
Նրա խոսքով՝ իրենք առաջարկում են նաև հայտարարագիր ներկայացնել պաշտոնը թողնելուց հետո ևս 2, 3 տարի, քանի որ այդպիսով վերահսկելի կլինի այն հանգամանքը, թե պաշտոնը թողնելուց հետո արդյոք ձեռ բերված եկամուտները չեն վերածվում կապիտալի:
Ստեղծվելիք հակակոռուպիցոն հանձնաժողովը նաև սպասվում է, որ կլինի կրթական մարմին և կիրականացնի կանխարգելիչ գործառույթներ կոռուպցիայի իրազեկման վերաբերյալ:
«Միայն այն հանգամանքը, որ այս մարմինն ունի ավելի լայն լծակներ ու գործիքակազմ, հույս պետք է որ ներշնչի, որ ինքն ավելի գործուն կառույց կլինի, քան ներկա հանձնաժողովը և շատ ավելի արդյունավետ պետք է աշխատի, որովհետև հանրության հսկողության տակ է ու հաշվետու է իրեն կից ստեղծված հասարակական խորհրդին, ինչը նախատեսվում է նախագծով», - նկատեց Տիգրանյանը:
Նա ընդգծեց, որ հանձնաժողովի անկախության երաշխիքները տրվում են օրենքով, սակայն դեռ հայտնի չէ, թե ովքեր կնշանակվեն հանձնաժողովի անդամներ ու որքանով կպահպանեն օրենքի պահանջները:
Հարցին, թե արդյոք տեսնում է կառավարության կողմից գործուն քայլեր կոռուպցիայի դեմ պայքարում, Հերիքնազ Տիգրանյանը պատասխանեց.
«Անկեղծ ասած, չեմ ուզում անհիմն լավատես լինել: Իհարկե, քաղաքական կամքի մասին խոսել չենք կարող, որովհետև որևէ անգամ չենք նկատում, որ կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամք երբևէ դրսևորվել է: Բայց կարծում եմ, որ կան միջազգային կազմակերպություններ, որոնց առջև կառավարությունը ստանձնել է պարտավորություններ, և այդ հանգամանքը պետք է ստիպի, որ կառավարությունը անգամ չուզելու պարագայում, անի որոշ քայլեր, որոնք դրական արդյունք պետք է արձանագրեն», - հավելեց Տիգրանյանը;
Այդուհանդերձ, Աժ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված ու արդարադատության նախարարության կայքէջում հրապարակված հակակոռուպցիան փաթեթի հանրային քննարկում, ըստ Տիգրանյանի, տեղի չի ունեցել: Նրա խոսքով՝ իրենք նախագծի վերաբերյալ վերջին անգամ առաջարկություններ են ներկայացրել Արդարադատության նախարարություն, սակայն արձագանք չունեն:
«Մենք, ճիշտ է, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ենք, բայց որևէ քննարկում չի եղել, ու այդ նախագիծը չի քննարկվել: Կամ գոնե մինչև ԱԺ նիստը պետք է հանրային քննարկում տեղի ունենար, սակայն տեղի չի ունեցել», - նկատեց Տիգրանյանը: