30/05/2017 14:30
«Ամեն» շոու-ներկայացումը էպիկական դրամա է հայ ժողովրդի պատմական ճամփորդության մասին
2017 թվականի հունիսի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում «AMEN Project» ընկերությունը ներկայացնում է «Ամեն» երաժշտական դրամատիկ շոու-ներկայացման պրեմիերան։ Այն նվիրված է հայ ժողովրդի պատմությանը, նրա մնայուն արժեքներին և քաղաքակրթության պատմության մեջ իր բացառիկ դերին։
«Ամեն» շոուն էպիկական դրամա է հայ ժողովրդի պատմական ճամփորդության մասին՝ նրա ծագման ու հավատքի, մշակութային կողմնորոշիչների և արժեքների մասին: Հիմնական նպատակն է ցույց տալ, որ չնայաց կորուստներին ու փորձություններին, մարդիկ շարունակում են սիրել, ստեղծագործել և վայելել կյանքը: Միջազգային այս բացառիկ նախագիծը պահպանում է հայկական երաժշտության ավանդույթները և ներկայացնում դրանք ժամանակակից բեմական շոուի ձևաչափով, որտեղ բնօրինակ երաժշտական լիբրետոն ու ավանդական բալետը համակցված են ժամանակակից լուսա-երաժշտական բեմական տեխնոլոգիաների հետ։
2017 թվականի օգոստոսին շոու–ներկայացումը կցուցադրվի Իտալիայի Վերոնա քաղաքում, հայտնի Arena di Verona-ում: Այնուհետև ներկայացումը կցուցադրվի նաև աշխարհի խոշորագույն քաղաքների բեմահարթակներում:
Նախագծի գլխավոր պրոդյուսեր Հասմիկ Չարխչյանն իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծում է, որ «Ամեն» շոուն հայրենասիրական նախագիծ է։
«Այն ի սկզբանե կոչված է ներկայացնել Հայաստանը աշխարհին՝ որպես մշակութային արժեքներ կրող և պահպանող երկիր։ Իտալական Վերոնայում կայանալիք եվրոպական պրեմիերան շատ կարևոր է մեզ համար։ Սակայն մենք չենք մոռանում, որ նախագիծը հայրենասիրական է և համարում ենք, որ Հայաստանի հանդիսատեսը առաջինը պետք է տեսնի «Ամեն» շոուն։ Այդ պատճառով որոշում կայացվեց եվրոպական պրեմիերայից առաջ ներկայացնել «Ամեն» շոուն Երևանում։ Երևանյան առաջնախաղը կկայանա հունիսի 23-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մենք շատ ուրախ ենք, որ այդ հիանալի բեմը կընդունի Հայաստանի պատմությանը նվիրված մեր երաժշտական ներկայացումը: Համոզված ենք, որ «Ամեն» շուուն բազում վառ տպավորություններ կնվիրի հայ հանդիսատեսին», - նշեց նա:
Կոմնպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանի վստահեցմամբ էլ՝ գաղափարը ծնվել է անսպասելի, չնայած ինչպես և ցանկացած նոր գաղափարի, դրան նախորդել էր հոգեկան, ստեղծագործական որոնումների շրջանը։
«Դու ապրում ես, կարծես, թե նորմալ, հագեցած կյանքով, բայց ինչ–որ բան չի հերիքում՝ միգուցե օդ, տարածություն… Եվ ցանկություն է առաջանում սովորականի սահմաններից դուրս գալ, լայնացնել հորիզոնները։ Մենք որոշեցինք ստեղծել այնպիսի մի նախագիծ, որը թույլ կտար մարդկանց ավելի լավ ճանաչել Հայաստանը, առնչվել նրա հին և հարուստ պատմության և մշակույթի հետ, տեսնել մեր անցած ուղին, հասկանալ՝ որտեղից ենք գալիս… Մենք փորձեցինք պատմել մեր պատմությունն այնպես, ինչպես տեսնում և զգում ենք։ Շոուն ունի միասնական սյուժե, որը ներկայացնում է հայ ժողովրդի պատմության հիմնական դրվագները։ Մենք պատմում ենք մեր ծագման և հավատքի, քաղաքակրթության պատմության մեջ մեր կողմնորոշիչների մասին։ Հիմնական նպատակն է ցույց տալ, որ, չնայաց կորուստների ու փորձությունների, հայ ժողովուրդը շարունակում է ապրել, ստեղծագործել և վայելել կյանքը: «Ամեն» շուուն ազգի վերածննդի մասին մի պատմություն է, որը պատմվում է վիզուալ էֆեկտների, երաժշտության, պարի լեզվով։ Ժանրային առումով «Ամենը» նմանօրինակը չունի։ Դա մի երաժշտական-դրամատիկ ներկայացում է, շոու, ուր ամեն ինչ հիմնված է սիմվոլիկ կերպարների վրա: Շոուն ստեղծելիս մենք փորձել ենք լայնացնել հանդիսատեսի ընկալման շրջանակները, որպեսզի այս պատմությունը հետաքրքիր և հասկանալի լինի ցանկացած մարդու՝ անկախ նրա ազգությունից», - ընդգծեց Ա. Մուշեղյանը:
Ներկայացմանը մասնակցում են սիմֆոնիկ նվագախումբ, դասական երգչախումբ, փոփ և ֆոլկ համույթներ, պարային համույթ, ինչպես նաև ճանաչված հայկական և արևմտյան օպերային կատարողներ։ Բեմում ծավալվող պատմությունը ուղեկցվում է էկրանին ցուցադրվող վիզուալ պատկերներով և անիմացիայով։
Նախագծի ստեղծագործական թիմում են կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանը, լիբրետո Էդուարդ Այանյանը, երգերի տեքստերի հեղինակ իտալացի Ջիոմմարիա Մոնթին, Սուրեն Ենոքյան–Իսրայելյանը: Բեմադրող-խորեոգրաֆը Գրիգոր Խաչատրյան է: Խորեոգռաֆներ են Արման Ջուլհակյանն ու Արա Ասատուրյանը: Զգեստների դիզայնով զբաղվել է Միքայել Շարաֆյանը: