30/05/2017 19:31
«Սահմանին կանգնած տղերք». Նոր տեսահոլովակ՝ նվիրված դիրքապահներին
Օրերս համացանցում հայտնվեց երգիչ Մանչի նոր՝ «Սահմանին կանգնած տղերք» երգն ու տեսահոլովակը: Ազգագրական ոճում հանդես եկող երգիչն անձամբ է որոշել՝ հերթական աշխատանքը պետք է լինի դիրքերում կանգնած տղաներին ոգևորող:
«Նկատել էի, որ համացանցում հաճախ էին հայտնվում տեսանյութեր, որտեղ սահմանին կանգնած տղերքը երգում էին իմ երգերը: Որոշեցի նրանց նվիրված նոր երգ պատրաստել: Հուսով են՝ հավանեցին», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց երգիչը:
Երգի հեղինակը Սոս Թադևոսյանն է, տեսահոլովակը նկարահանել է «Pro photo arm» ստուդիան՝ ռեժիսոր Սիրակ Օհանյանի և օպերատոր Ռուստամ Կարապետյանի նախաձեռնությամբ:
Ի դեպ, տեսահոլովակը նկարահանվել է դիրքերում, ինչի համար ստեղծագործական խումբը հատուկ թույլտվություն է ստացել:
«Սա իմ՝ թվով 4-րդ տեսահոլովակն է: Նկարահանել ենք Արարատի դիրքերում՝ 5 ժամում, քանի որ այդքան ժամանակ էին տրամադրել: Տեսահոլովակում նկարահանվել են դիրքերի սահմանապահ տղաներն ու հատուկ հրավիրված կամավորներ: Վերջիններս մեկ օր առաջ էին վերադարձել Ղարաբաղից ու սիրով ընդունեցին մեր հրավերը: Չէ՞ որ երգը նաև իրենց է նվիրվում», - նկատեց մեր զրուցակիցը:
Երգչի պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում է հաղորդավարուհի Դինա Ակոպովնան: Հարցին, թե ինչպե՞ս է կայացել այս համագործակցությունը, պատասխանեց.
«Մեզ, նախ, վաղեմի ընկերությունն է կապում, որը վերածվեց նաև գործնականի: Դինան շատ մեծ գործ է անում՝ սկսած պրոֆեսիոնալ փիարից մինչև գրագետ տեսահոլովակի ստեղծում: Սակայն, անկեղծ ասած, մեր մեջ չկա հատուկ պրոդյուսեր-երգիչ պայմաններ, ավելի շատ ընկերական համագործակցություն է: Տա Աստված՝ դեռ երկար կհամագործակցենք»: