30/05/2017 14:39
ԵԱՀԿ միջնորդները Երևանում կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հարցը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տասը օրից կայցելեն Երևան և Ստեփանակերտ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա չբացառեց, որ այցի ընթացքում կարող է քննարկվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հարցը:
«Երևանը միշտ կողմնակից է հանդիպումների և արտգործնախարարների, և նախագահների մակարդակով: Եթե համապատասխան աշխատանք տարվի, կազմակերպչական աշխատանք տարվի, ապա հնարավոր է հանդիպումը: Իհարկե, դեռ միայն արտգործնախարարների մակարդակով, որպեսզի նախագահների հանդիպման համար համապատասխան աշխատանք տարվի», - ասաց Է.Նալբանդյանը:
Նախարարը նաև ընդգծեց, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա:
«Դրանք կազմում են մեկ ամբողջություն, այսինքն՝ դա ուժի չկիրառումն է, ինքնորոշման իրավունքն է ու տարածքային ամբողջականությունը», - նշեց նա: