30/05/2017 19:11
Ես սիրում եմ մարդկանց, բնությունը, երաժշտությունն ու հանգիստը. Ավիշայ Քոենն իր եռյակի հետ առաջին անգամ հանդես կգա Հայաստանում
Մայիսի 31-ին Արամ Խաչատրյան համերգասրահում համերգային ծրագրով հանդես կգա իսրայելցի հանրաճանաչ ջազկոնտրաբասահար Ավիշայ Քոյենը՝ տրիոյով, որի կազմում են նաև Իտամար Դոարին (հարվածային գործիքներ) և Օմրի Մոռը (դաշնամուր):
Լրագրողների հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ավիշայ Քոյենը տեղեկացրեց՝ կհնչեն սիրված հին ու նոր ստեղծագործություններ՝ միքս ֆորմատով: Շատ իմպրովիզներ կլինեն:
«Ես սիրում եմ մարդկանց, բնությունը, երաժշտությունն ու հանգիստը: Բայց ամենից շատ սիրում եմ ստեղծագործել, քանի որ ինձ համար շատ կարևոր է այն հանգամանքը, երբ տեսնում եմ, որ մարդկանց երջանիկ եմ դարձնում, - ընդգծեց նա:
Անդրադառնալով տարբեր ազգերի երաժիշտների հետ աշխատելուն՝ նկատեց, որ երբեք ուշադրություն չի դարձնում ազգային պատկանելությանը, այլ կարևորում է, որ նրանք իրեն հոգեհարազատ լինեն ու լավ մարդ:
Ջազկոնտրաբասահարը հիշեց՝ տարիներ առաջ Անգլիայում տեղի ունեցող ելույթը ստիպված եղան ընդհատել, քանի որ բեմում էր հայտնվել հարբած հանդիսատեսը: Մի անգամ էլ՝ 7 տարի առաջ, փարիզյան համերգն ընդհատվեց.
«Ահազանգը միացավ ու մոտ 1000 հոգի ստիպված եղան դուրս գալ դահլիճից: Նույնը կրկնվեց մեկ ժամ անց, երբ վերադարձան… Բայց ասեմ, որ իրականում ինձ համար շատ ավելի էմոցիոնալ են այն համերգները, որոնք իմ ծննդավայրում եմ տալիս: Դա ընտանիք է, որտեղ կա հոգևոր կապ, սակայն, ամեն դեպքում, հանդիսատեսն ամենուր նույնն է: Ամենակարևոր չափանիշը մարդն է»:
Համերգի գլխավոր կազմակերպիչն է «Փրայմ» փրոդաքշնը: Աջակիցներն են Իսրայելի հայաստանյան ներկայացուցչությունը, «Մուրան» ընկերությունը, Արդշինբանկը և Ջազի հայկական ասոցիացիան: