30/05/2017 16:35
«Կարա՞ս հարցնես հարմար է, թե չէ. հեչ որ չէ, քո հոր թայ մարդ եմ». Ռուբեն Հայրապետյանը չի մեկնաբանում, թե ինչու վաճառեց «Փյունիկը»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը վաճառել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը:
Ճիշտ է, լուրը դեռ պաշտոնապես չի հաստատվում, սակայն այսօր «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից Aysor.am-ին հայտնել են, որ այդ թեմայով ասուլիս է հրավիրվելու։
«Հունիսի 3-ին ասուլիս կհրավիրվի ու պարզ կդառնա բոլոր մանրամասները», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ակումբի մամուլի խոսնակ Անուշ Անանյանը։
Հարցին՝ ովքե՞ր են հանդես գալու մամուլի ասուլիսով, նա պատասխանեց. «Նոր սեփականատերերը»։
Նշենք, որ, ըստ շրջանառվող լուրերի, ակումբը գնել է ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը:
Aysor.am-ը, թեմայի հետ կապված, փորձեց կապ հաստատել նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ։
- Պարոն Հայրապետյան, բարև Ձեզ, Aysor.am-ից լրագրող է Ձեզ անհանգստացնում, «Փյունիկի» վաճառքի հետ կապված մեկնաբանություն էի խնդր...
- Հլը մի րոպե, մի րոպե, էթիկայի կանոններ գոյություն ունի, կարաք հարցնեք՝ ինձ հարմար ա հարցազրույց տալ, թե ոչ, քանի որ դուք զանգել եք իմ անձնական համարին, ոչ թե՝ աշխատանքային։ Դու կրթություն ստացել ես, կարա՞ս հարցնես հարմար է, թե չէ, հեչ որ չէ, քո հոր թայ մարդ եմ։
- Հարցնում եմ՝ հարմա՞ր է մեկնաբանություն տաք, ի վերջո, ինչո՞ւ եք վաճառել ակումբը։
- Ոչ հարմար չէ։
- Ինչո՞ւ, դուք ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն եք։
Մեր այս հարցն անպատասխան մնաց, քանի որ Ռուբեն Հայրապետյանն անջատեց հեռախոսը։