31/05/2017 13:21
Ադրբեջանն անհանգստացած է Հայաստանում «Իսկանդերի» առկայությամբ. Կորյուն Նահապետյան
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանցի պատվիրակները բարձրաձայնել են Հայաստանում «Իսկանդերի» առկայության հարցը, ամփոփելով վեհաժողովի գարնանային նստաշրջանի արդյունքներն ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
«Ադրբեջանական պատվիրակները բավականին անհանգստացած էին: Դա նկատելի էր հարց տալու ընթացքում: Մենք պարզաբանեցինք, թե ինչպիսին է ՀՀ պաշտպանական քաղաքականությունը, մեր անվտանգության առաջնահերթությունները և հստակ նշվեց, որ այս համակարգի ձեռքբերումը Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը վերականգնելու նպատակ ունի», - ասաց Կորյուն Նահապետյանը:
Նրա խոսքով, ադրբեջանական կողմը նաև խոսել է ՀՀ-ի կողմից ՌԴ-ից անվճար ձեռք բերվող զենքի մասին, ինչին ի պատասխան՝ հայկական կողմն արձագանքել է.
«Վերջին ժամանակահատվածում Ադրբեջանում միլիարդավոր դոլարներ է ծախսվում հարձակողական զենք ձեռք բերելու համար: Մենք չեն ողջունում սպառազինության մրցավազքը և մեր բոլոր գործողությունները ուղղված են լինելու մեր պաշտպանական կարողություններն ապահովելու»: