01/06/2017 13:01
Հայաստանում օտարերկրյա ներդրումներն անցած տարվա առաջին եռամսյակում կազմել են 14,9 մլրդ դրամ. նախարար
Հայաստանում օտարերկրյա ներդրումներն անցած տարվա առաջին եռամսյակում կազմել են 14 միլիարդ 900 միլիոն դրամ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
«Այս տարի առաջին եռամսյակում մենք ունեցել ենք 19.4 միլիարդ դրամ, այսինքն՝ մեզ մոտ ներհոսքը դրական է, շուրջ հինգ միլիարդ դրամով ուղղակի օտարերկրյա ներդրումներով՝ զուտ ցուցանիշի առումով, ունեցել ենք աճ», - ասաց նախարարը։
Անդրադառնալով հարկերի հավաքագրմանը՝ ֆինանսների նախարարն ասաց, որ ապրիլ ամսին Հայաստանն ունեցել է 107.5 միլիարդ դրամի հարկերի հավաքագրում։
«107.5 միլիարդ հարկերի հավաքագրման ցուցանիշը դա ամսական այն ծրագիրն է, որով մենք հավակնում ենք, որպեսզի տարեկան առումով ունենանք 1 տրիլիոն 197 միլիարդի հարկերի հավաքագրում», - ասաց Վ. Արամյանը։
Նրա խոսքով՝ գրեթե նմանատիպ ցուցանիշ գրանցվել է նաև մայիս ամսին։