01/06/2017 19:52
Տպավորություն է՝ ադրբեջանական կողմն իրեն հաշիվ չի տալիս իր գործողությունների ու հայտարարությունների համար. ԼՂՀ ԱԳՆ
Հայկական կողմերին մեղադրելով հրադադարի ռեժիմի խախտման մեջ՝ ադրբեջանական իշխանություններն իրականում փորձում են քողարկել իրենց պատասխանատվությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության սրման համար և խաթարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը, ասել է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը՝ պատասխանելով News.am-ի հարցմանն այն մասին, որ օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեղադրել է հայկական կողմին Ադրբեջանի տարածքը գնդակոծելու մեջ և սպառնացել հրետանային հարված հասցնել ԼՂՀ բնակավայրերին։
Հարկ է նշել, որ ադրբեջանական կողմն առաջին անգամ չէ հանդես գալիս նման հայտարարություններով։ Այսպես, դեռևս 2016 թ. ապրիլին Ադրբեջանի պաշտպանության նախարարը սպառնացել էր հրթիռային հարված հասցնել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին։
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմն ինքն իրեն հաշիվ չի տալիս իր գործողությունների ու հայտարարությունների համար, քանի որ նման սպառնալիքներն իրագործելու ցանկացած փորձ հղի է միանգամայն կանխատեսելի ու անչափ վտանգավոր հետևանքներով, առաջին հերթին հենց իր՝ Ադրբեջանի համար», - ասել է Ա. Ներսիսյանը։