01/06/2017 12:34
Հայաստանի առաջին ինտերակտիվ թանգարանում Շառլ Ազնավուրը անձամբ կպատմի իր մասին
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ միասին Երևանում հայտարարեցին «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման և ինտերակտիվ թանգարանի հիմնադրման մասին, այս թանգարանը լինելու է հիմնադրամի առաջին նախագիծը:
Այսօր «Ազնավուր» հիմնադրամին պետության կողմից հանձնվել են Ազնավուրի տուն-թանգարանի բանալիները: Տոնական միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ:
«Կառուցվելու է Շառլ Ազնավուրի տուն թանգարան, որը լինելու է աշխարհում առաջին թանգարանը, որտեղ հերոսը պատմելու է իր մասին: Ձայնագրությունն արվել է հենց Շառլ Ազնավուրի կողմից», - այսօր նախագծի մեկնարկի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Սարգսյանը:
Տուն-թանգարանում, Քրիստինա Սարգսյանի ներկայացմամբ, հերոսն իր ձայնով կարող է պատմել իր կյանքի մասին և հնարավոր կլինի տեսնել համերգը 3D ֆորմատով:
«Այս թանգարանը լինելու է առաջին ինտերակտիվ թանգարանը: Այն կարելի է անվանել մշակութային կենտրոն, քանի որ այնտեղ կայանալու են մշակութային տարբեր ծրագրեր», - ասաց Սարգսյանը:
Մանրամասնելով՝ հիմնադրամի նախագահը ներկայացրեց, որ Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը դասական իմաստով թանգարան չի լինելու:
«Այնտեղ լինելու է ամբողջական գործիքավորման, ձայնագրման ստուդիա, որտեղ այցելուները կարող են Շառլի երգերի հետ միքս անել», - ներկայացրեց Քրիստինա Սարգսյանը՝ նկատելով, որ այս ամենն արվում է անձամբ շանսոնյեի համաձայնությամբ:
Նաև լինելու են շանսոնյեի անձնական իրերը՝ առաջին դաշնամուրը, հավաքածուից սկավառակները՝ Էդիտ Պիաֆի, Սինատրայի ու այլ մաեստրոների կատարմամբ:
Թանգարանի բացումը տեղի կունենա 2018 թվականին:
«Հստակ ժամկետը չեմ կարող ասել, քանի որ այն տեխնոլոգիաները որոնք օգտագործվելու են թանգարանում, նորույթ են լինելու և բերվելու են Ճապոնիայից, Գերմանիայից, այլ երկրներից: Մեծ աշխատանք դեռ ունենք կատարելու», - ասաց Սարգսյանը: