01/06/2017 14:04
Տեղյակ չենք՝ որտեղից է այդ լուրը. ՃՈ պետը՝ աջ ղեկով մեքենաների հնարավոր արգելքի մասին
Երեկ լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկությունը, թե Հայաստանում շուտով կարգելվեն աջ ղեկով ավտոմեքենաները, դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել վարորդների շրջանում:
«Իրանց գրպանի թեման ա, նենց չի՝ հայ ազգի անվտանգության մասին են մտածում», - ֆեյսբուք սոցիալական ցանցի՝ վարորդների խմբում այդ հարցի առնչությամբ գրել էր մի քաղաքացի:
Վարորդների մեծ մասը թերահավատություն էր հայտնել լուրի իսկության առնչությամբ՝ նկատելով, որ ամբողջ աշխարհում աջ ղեկով մեքենա են օգտագործում ու արգելք չկա:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ասաց, որ Հայաստանի ոստիկանությունը և մասնավորապես՝ Ճանապարհային ոստիկանությունը տեղյակ չեն, որ նման որոշում է քննարկվում:
«Դուք տեսնում եք՝ եթե մի նորարարություն լինում է, եթե որևէ փոփոխություն կատարվում է, Ճանապարհային ոստիկանությունը անմիջապես տեղեկացնում է վարորդներին: Եթե այդ հնարավոր փոփոխության մասին տեղյակ լինեինք, անմիջապես կտեղեկացնեինք մեր լրատվական ծառայության միջոցով», - ասաց Կարապետյանը:
Նրա խոսքով՝ այսօր առավոտից բազմաթիվ վարորդներ Ճանապարհային ոստիկանություն են ահազանգել խնդրի մասին:
«Մենք բազմաթիվ զանգեր ենք ստանում առավոտից: Բայց մենք՝ ինքներս էլ տեղյակ չենք՝ որտեղից է այդ լուրը: Դուք երևի աղբյուրը գտնեք, իրենցից ճշտեք», - հավելեց Կարապետյանը: