02/06/2017 11:32
«Յուվենտուսի» ՀՀԿ-ական երկրպագուները շատ են. Հնարավոր է՝ հաղթի
Հունիսի 3-ին ամբողջ աշխարհը հավաքվելու է մեկ թեմայի շուրջ. ժամը 22։45-ին կմեկնարկի երկար սպասված ու դիտարժան խաղը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝ Թուրինի «Յուվենտուսի» ու Մադրիդի «Ռեալի» մասնակցությամբ։
Կարծիքները տարբեր են. շատերը վստահ են, որ «Արքայական» ակումբը թուրինցիներին թույլ չի տա խլեն իրենցից չեմպիոնական գավաթը, իսկ «Յուվենտուսի» երկրպագուներն էլ համոզված են, որ «Յուվենտուսն է» դառնալու չեմպիոն։
«Այն, որ «Յուվենտուսն է չեմպիոն դառնալու, դրանում կասկած չկա», - Aysor.am-ի հետ զրույցում վստահեցնում է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նա «Յուվենտուսի» երկրպագու է դեռ 1982 թվականից։
«1982-ից, հիշի, 1982-ից՝ 7 տարեկանից երկրպագում եմ Թուրինի «Յուվենտուսին»։ Այդ թիմում խաղացել է իմ սիրած ֆուտբոլիստներից Միշել Պլատինին, Զինեդին Զիդանը, Դել Պիերոն, «Յուվենտուսը» ակումբային ֆուտբոլում իմ ամենասիրած թիմն է։ Ես կարծում եմ, որ «Յուվենտուսում» այսօր խաղում է աշխարհի, 21-րդ դարի ամենաօժտված դարպասապահը՝ Ջանլուիջի Բուֆոնը, որն ունի բոլոր տիտղոսները՝ բացի Չեմպիոնների լիգայից հաղթողից, և ես շատ եմ ցանկանում, որ թեկուզ միայն նրա համար, որ Բուֆոնը դառնա Չեմպիոնների լիգայի հաղթող, «Յուվենտուսը» հաղթի։ Ես կարծում եմ, որ իտալական պաշտպանության սիստեմը թույլ չի տա շատերի սիրելի Ռոնալդուին իրացնել իր վարպետությունը և Ռոնալդուն Քարդիֆից ձեռնունայն կհեռանա, իսկ Բուֆոնն իր գլխավերևում կպահի Չեմպիոնների լիգայի գավաթը», - իր թիմի հաղթանակի մեջ շատ վստահ ասում է Շարմազանովը։
Եթե «Ռեալը» նվաճի գավաթը, շա՞տ է տխրելու ԱԺ փոխնախագահը, նա հակադարձում է. «Հակառակը չի ստացվելու, ավելի քան վստահ եմ, կարող եք խաղից հետո զանգել ինձ ու ասել՝ պարոն Շարմազանով, ճիշտ էիք, «Յուվենտուսը» հաղթեց»։
Ստացվում է՝ «Յուվենտուսը» ՀՀԿ-ական շատ երկրպագուներ ունի։ Բացի Շարմազանովից՝ այդ ակումբին է երկրպագում նաև ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։ Նա, սակայն, ի տարբերություն գործընկերոջը, համեստ է «Յուվեին» երկրպագելու հարցում։
«Եկեք ֆուտբոլը չմեկնաբանեմ, ասեմ միայն, որ «Յուվենտուսին» եմ երկրպագելու», - նշում է նա։
Իտալական ակումբին է երկրպագելու նաև փաստաբան Երվանդ Վարոսյանը, ով այդ խաղից դիտարժան ֆուտբոլ է ակնկալում։
«Դիտարժան ֆուտբոլ եմ ակնկալում։ Չնայած այն հանգամանքին, որ խաղադաշտում հանդես է գալու այսօր երևի ուժեղագույն պաշտպանություն ունեցող թիմը, այնուամենայնիվ, կարծում եմ, որ «Յուվենտուսի» կողմից կատարյալ պաշտպանական մարտավարության ականատես չենք լինի, թեկուզ միայն այն պատճառով, որ հակառակորդն այն լավ ուսումնասիրած կլինի։ Սակայն առավել կարևորում եմ այն, որ դաշտում աննկատ լինի մրցավարը, և շատ խաղերի նման, ֆուտբոլը մի կողմ թողած, ստիպված չլինենք զբաղվել՝ մրցավարի գործողությունները վերլուծելով։ Չեմ թաքցնի, որ ինքս իտալական ակումբին եմ երկրպագելու՝ համարելով, որ «Յուվենտուսն» առավել արժանի է հաղթանակի, իսկ գավաթը ճիշտ կլինի, որ ստանա լեգենդար Բուֆոնը», - Aysor.am-ին ասում է ֆուտբոլագետ փաստաբանը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը 50/50 է գնահատում երկու ակումբների չեմպիոն դառնալու շանսերը։
«Շատ սպասված եզրափակիչ է և, կարծում եմ, դիտարժան խաղի ականատես կլինենք։ Մրցաշրջանի վերջում երկու թիմերն էլ շատ լավ մարզավիճակում են և մեկը մյուսի հետևից հաղթանակներ տարան։ Երկու ակումբներն էլ իրենց երկրների չեմպիոններ հռչակվեցին և այդ առումով էլ շատ լուրջ դիմակայություն է սպասվում։ Կարծում եմ՝ «Ռեալը», ունենալով ավելի վառ հարձակվողական գիծ՝ ի դեմս Ռոնալդուի, կփորձի արագ հաջողության հասնել՝ հնարավորինս օգտագործելով իր պահերը, իսկ «Յուվեն», ունենալով հրաշալի պաշտպանություն և համարյա անխոցելի դարպասապահ՝ ի դեմս Բուֆոնի, մի փոքր խորքից կգործի՝ ապավինելով հակագրոհների վրա։ Բայց շանսերը 50/50 եմ գնահատում, եզրափակիչ է և երկու թիմերն էլ անելու են հնարավորինս՝ հաղթանակի համար։ Իսկ ով կհաղթի՝ շատ դժվար է ասել, բայց մի փոքր հավատում եմ վիճակագրությանը, որն ասում է՝ լիգան անվանափոխվելուց հետո ոչ մի ակումբ երկու անգամ անընդմեջ հաղթող չի ճանաչվել»։
Սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանն այս հարցում էլ է ի ցույց դնում իր խորը հայրենասիրությունը։
«Ես Հայաստանի ազգային հավաքականի ու հայ մարզիկների երկրպագու եմ, խնդրում եմ, ինձ չխառնել գլամուռային խաղերին», -կատակում է Կարեն Գիլոյանը։
Այնուամենայնիվ, որպես սպորտային մեկնաբան, նա չի կարող անարձագանք թողնել ֆուտբոլը։ «Ինչ ասեմ, երկու թիմին էլ չեմ երկրպագում, մարդիկ եթե ֆինալ են հասել, ուրեմն ուժեղ են, կլինի ֆինալին արժանի խաղ», - նշում է Կ. Գիլոյանը։
Թե իրականում ո՞վ կնվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը, մնում է համբերությամբ նստել թախտին ու սպասել հունիսին 3-ին՝ ժամը 22։45-ին։