02/06/2017 14:19
Գալու է օրը, երբ Արցախի իշխանությունները նստելու են բանակցային սեղանի շուրջ. Կորյուն Նահապետյան
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին օրեր առաջ հայտարարել էր, որ ստատուս-քվոն այլևս հնարավոր չէ պահպանել, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստանում և Ստեփանակերտում սպասվող այցից առաջ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ հանդիպմանը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել էր, որ հակամարտության լուծումը հնարավոր է միայն առանց ուժի կիրառման:
Սվիտալսկու հայտարարության և հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին Aysor.am-ի թղթակիցը զրուցել է ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հետ:
- Պարոն Նահապետյան, մտահոգի՞չ չեք համարում Սվիտալսկու այս հայտարարությունը, ի՞նչ է այն ենթադրում:
- Մենք պետք է ընդունենք փաստը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կան լրջագույն խնդիրներ: Դրանք պայմանավորված են Ադրբեջանի վարած քաղաքականությամբ: Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտվել և առ այսօր խախտվում են Ադրբեջանի կողմից: Դուք տեսաք, թե ինչպես ԵԱՀԿ մինսկի խումբը որակեց Ադրբեջանի գործողությունները: Մենք արձանագրեցինք, որ առաջին անգամ հնչեց հասցեական գնահատական: Հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու համար Ադրբեջանը պետք է կատարի այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել վերը նշված գագաթաժողովների արդյունքում:
Ինչ վերաբերում է ստատուս քվոյի փոփոխությանն, ապա բոլոր այդ խնդիրները քննարկվելու են միայն բանակցային գործընթացի շրջանակներում: Այստեղ մեր դիրքորշումները հստակ ձևակերպվել են: Մենք ըմբռնումով ենք մոտենում այն հայտարարությանը, որ արել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը: Թե իրավիճակի ինչպիսի փոփոխություն կլինի, կախված է առաջիկա զարգացումներից: Կարևորելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքը, որն այսօր մեզ համար ընդունելի միակ գոյություն ունեցող ձևաչափն է, մենք շարունակում ենք լրացուցիչ ջանքեր գործադրել, որպեսզի հակամարտությունը ունենա խաղաղ կարգավորում, բայց երբ մեր առաջնագծում Ադրբեջանը կիրառում է խոշոր տրամաչափի զինատեսակներ յուրաքանչյուր օր, դա ամենևին էլ չի վկայում այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստ է խաղաղ ճանապարհով այս հակամարտության կարգավորմանը:
- Ադրեբեջանը բազմիցս փորձել է խախտել ստատուս քվոն. արդյոք այս հայտարարությունը առիթ չի դառնա արդարացնելու իր գործողությունները:
- Չեմ կարծում, որովհետև Ադրբեջանը վերջին շրջանում միջազգային հանրության նկատմամբ իր վերաբերմունքը ցույց է տալիս: Դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ Ադրբեջանի պատճառով Երևանում գործող ԵԱՀԿ գրասենյակը փակվեց: Կարծում եմ՝ միջազգային հանրության համար հասկանալի է, թե Ադրբեջանն ինչ քաղաքականություն է վարում: Մոտակա ժամանակահատվածում, երբ մենք խորացնենք մեր համագործակցությունը եվրոպական գործընկերների հետ (խոսքը նոյեմբերին սպասվող ՀՀ-ԵՄ ասոցացման պայմանագրի ստորագրման մասին է, Aysor.am), արդեն Եվրոպայի համար էլ հասկանալի կլինի, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանը, ինչ է նա ուզում: Մենք ուզում ենք հարատև խաղաղություն մեր տարածաշրջանում, և դա ապահովելու համար առավելագույն ջանքեր ենք գործադրելու մեր անվտանգության համակարգն ամրացնելու համար:
- Ասացիք, որ ստատուս-քվոյի փոփոխման մասին քննարկումները կլինեն բանակցային սեղանի շուրջ: Չեք կարծո՞ւմ, որ բանակցային սեղանի շուրջ նաև Արցախը պետք է նստի:
- Քանի դեռ այս պահին չկան բանակցություններ, դրա մասին խոսելը վաղ է, բայց ես ունեմ լիակատար վստահություն, որ գալու է օրը և ժամը, երբ Արցախի իշխանության ներկայացուցիչները նստելու են բանակցային սեղանի շուրջ: