02/06/2017 15:14
Հակակոռուպցիոն մարմին ստեղծելու մասին օրենքների փաթեթը ԱԺ է ներկայացվել առանց հանրային քննարկման. կարծիքներ
Հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված կոռուպցիայի կանխարգելման մարմին ստեղծելու մասին և կից ներկայացված օրենսդրական փաթեթը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում չի քննարկվել, հանրային քննարկում այդ նախագծի շուրջ չի կազմակերպվել:
Հիշեցնենք՝ խոսքը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա ստեղծվող կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին ստեղծելու մասին է և ԱԺ օրակարգում ընդգրկվել են այդ հարցին վերաբերող հետևյալ օրենսդրական նախաձեռնությունները՝ «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին», «Ազդարարման համակարգի մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և այլն:
«Մենք նախագծի վերաբերյալ կազմել ենք մեր առաջարկները, բայց մինչև կներկայացնեինք Արդարադատության նախարարություն կամ կառավարություն, պարզվեց՝ կառավարությունը այդ օրը հաստատել էր տարբերակ, որը տարբերվում էր Արդարադատության նախարարության կայքէջում հրապարակված տարբերակից: Վերջին տարբերակը, որը հաստատել էր կառավարությունը, հանրային քննարկման դրված չի եղել և դրա մասին տեղեկացել ենք միայն կառավարության նիստի օրակարգից», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Թրանսթփարենսի Ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կազմակերպության իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը ևս Aysor.am-ին ասաց, որ կառավարության նիստում հաստատված և ԱԺ-ին ներկայացված հակակոռուպցիոն մարմնի մասին օրինագծերը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում չեն քննարկվել:
«Այդ օրինագծերը միանգամից ներկայացվել է կառավարություն՝ առանց խորհրդում քննարկվելու: Սա ես համարում եմ լուրջ հետքայլ և գտնում եմ, որ սրանով վերանում է այդ խորհրդի հեղինակությունը, ազդեցությունը և արդյունավետությունը», - մեզ հետ զրույցում ասաց Զադոյանը:
Այդուհանդերձ, նա տեղեկացրեց, որ իրենք դիմել են ԱԺ նախագահին, ԱԺ չորս խմբակցություններին՝ առաջարկելով ամեն ինչ անել, որ ԱԺ-ում կայանան լսումներ հակակոռուպցիոն փաթեթի վերաբերյալ:
«Սա այն օրենքն է, որը պետք է հանրային կոնսենսուսի արդյունքում ընդունվի: Նաև ասել ենք, որ պատրաստ ենք հանդիպել յուրաքանչյուր պատգամավորի, ներկայացնել մեր մտահոգությունները: Եթե հապշտապ արվեց՝ առանց խորհրդարանական լսումների, ապա ես սա կհամարեմ հետքայլ, որովհետև չի կարելի այս օրենքն առանց հանրային քննարկման ընդունել», - ասաց Զադոյանը: