02/06/2017 19:27
Նոր ֆիլմում նոր հակահերոս է հայտնվել. Հայկ Մարությանը բացում է «Սուպեր Մամա -2»-ի գաղտնիքները
Հայկական կինոշուկան շուտով կհամալրվի ևս մեկ կինոարտադրանքով: Մոտ 3 տարի առաջ «Կարգին» և «Էսքիզ» ստուդիաների կողմից նկարահանված «Սուպեր Մամա»-ն կունենա իր տրամաբանական շարունակությունը՝ «Սուպեր Մամա - 2»-ը, որում իրադարձությունները կծավալվեն արդեն գլխավոր հերոսների ամուսնությունից հետո:
Երեկ՝ հունիսի 1-ին, նկարահանող խումբը կոտրեց ավանդական ափսեն՝ դրանով ազդարարելով՝ «Սուպեր Մամա - 2»-ի նկարահանումները սկսված են:
«Համաշխարհային ավանդույթ է դարձել այն, որ գրեթե բոլոր հաջողված ֆիլմերը շարունակություն են ունենում: «Սուպեր Մամայի» մեկնարկից հետո ստեղծագործական խմբի մոտ միտք առաջացավ 2-րդ մասը նկարել, հատկապես, որ նկատելի էր նաև հանդիսատեսի պահանջը: Դեռ նախորդ տարի պետք է սկսեինք, սակայն, հանգամանքների բերումով, (ապրիլյան պատերազմ, հուլիսյան դեպքեր՝ հեղ.) չսկսեցինք… Սա այն նույն պատմության շարունակությունն է, որը դուք տեսել եք «Սուպեր Մամա»-ում: Այստեղ ներկայացնելու ենք, թե այդ ընտանիքը 5 տարի անց ինչ փորձությունների է բախվում, ինչպես է դրանք հաղթահարում ու ինչ արկածների մեջ հայտնվում», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանը:
Ամեն ինչ սկսվում է մի դեպքից, որի շուրջ էլ ծավալվում են ֆիլմում տեղ գտած իրադարձությունները: Դիտարկմանը՝ այս անգա՞մ էլ ստիպված կլինի անցնել այնպիսի փորձությունների միջով, ինչպիսին են կանացի հագուստն ու բարձրակրունկ կոշիկները՝ մեր զրուցակիցը նկատեց.
«Չնայած առաջին մասի ավարտից հետո տպավորություն էր, որ Կարենն այլևս կանացի «ատրիբուտներից» օգտվելու անհրաժեշտություն չունի, բայց երկրորդ ֆիլմում այնպիսի հանգամանքներ են առաջանում, որ ստիպված է լինում կրկին օգտվել այդ հնարքից: Այդկերպ նա փորձում է օգնել իր՝ խնդիրների մեջ հայտնված կնոջը»:
Նկարահանումները հիմնականում տեղի են ունենալու Երևանում: Պատրաստվել են նաև համապատասխան մեծ տաղավարներ, որոնց մասին գաղտնիքը դերասանը չբացեց:
Դերակատարների առումով ֆիլմում գրեթե փոփոխություն չի եղել: Գլխավոր դերերում են Հայկ Մարությանը (Կարեն, Կարինե), Գարիկ Պապոյանը (Մենուա), Անի Խաչիկյանը (Սոնա): Կերպարային իրենց գիծն են շարունակում նաև հերոսի ընկերոջը՝ վարսահարդար Աշոտին մարմնավորող Արման Նավասարդյանը, տաքսի սերվիսի տնօրեն Լևոն Հարությունյանը, նրա օգնականներ Ռաֆայել Երանոսյանն ու Անդրանիկ Հարությունյանը: Նոր ֆիլմում տեղ չի գտել Սամվել Սարգսյանի՝ հերոսուհու հայրիկին մարմնավորող կերպարը:
Հին թիմին միացել են նաև նորերը: «Սուպեր Մամա - 2» - ում ներգրավվել են դերասաններ Լիլի Էլբակյանը, Արսինե Նավասարդյանը, Էվա Խաչատրյանը, Սեպուհ Ապիկյանը, Իշխան Ղարիբյանը, Ելենա Եսայանը, Տաթև Մելքոնյանը, Ռուզաննա Վիթ Մեսրոպյանը, Նարինե Ոսկանյանը (Պաուզա Անո): Կարենի ու Սոնայի փոքրիկ դստրիկի՝ Կարչկայի դերում նկարահանվել է Ինա Մամիկոնյանը:
Նոր ֆիլմում նոր հակահերոս է հայտնվել, բացասական այս կերպարի մարմնավորումն էլ վստահվել է ATV հեռուստաընկերության հաղորդավար Հրաչ Մուրադյանին: Ի դեպ, սա հաղորդավարի մեկնարկն է դերասանական բնագավառում: Հարցին՝ արդյոք չկա մտավախություն, որ կերպարը կարող է ձախողվել, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Նախ, առաջին դեպքը չի, որ մենք ոչ պրոֆեսիոնալ դերասանի ենք ներգրավում, բայց երբեք ձախողումներ չենք ունեցել: Ինչ վերաբերում է Հրաչ Մուրադյանին, ապա նա միանգամից չի մտել նկարահանման պրոցեսի մեջ, մինչև նկարահանման հրապարակ գալը՝ նա և ռեժիսորը միասին մեծ ճանապարհ են անցել: Եվ ասեմ, լիովին մտել է կերպարի մեջ»:
Անդրադառնալով ֆիլմի վերնագրին՝ Հայկ Մարությանը խոստովանեց՝ տարբերակների մեջ քննարկվել է նաև «Սուպեր Պապան», սակայն արդյունքում մնացել է անփոփոխ:
«Քանի որ Կարենը ֆիլմի ամբողջ ընթացքում ջանքեր է թափում, որպեսզի փրկի կնոջը, «Սուպեր Պապան» ևս համահունչ կլիներ: Բայց, ելնելով նախորդ ֆիլմի տրամաբանական շարունակությունից, որոշեցինք կողքը միայն 2 ավելացնել», - ժպիտով նկատեց Հ. Մարությանը:
Դերասան-պրոդյուսերը տեղեկացրեց՝ ի տարբերություն նախորդ դեպքերի, մեծ էկրաններից «Սուպեր Մամա - 2»-ը երկար ժամանակ չի իջնի ու համացանցում և հեռուստաէկրանին չի հայտնվի:
Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա սեպտեմբերի վերջին: Բեմադրող ռեժիսորներն են Արման Մարությանը, Վահագն Խաչատրյանը, բեմադրող օպերատորն է Մկրտիչ Բարոյանը: Սցենարի հեղինակներն են Ռոբերտ Մարտիրոսյանն ու Արման Մարությանը: Պրոդյուսերը Սերգեյ Հարությունյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Հայկ Մարությանը: