02/06/2017 17:45
Հայաստանում կանցկացվի Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի VIII փառատոնը
Հայաստանում կանցկացվի Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի VIII փառատոնը, որը նվիրվում է Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին:
Փառատոնը իրականացվում է «Արս լունգա» ՀԿ նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
Թալալյան եղբայրների անվան ամենամյա փառատոնը նպատակ ունի ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել շնորհալի երիտասարդ կատարողների համար, պրոպագանդել դասական և հայ ակադեմիկ երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայաբնակ, սփյուռքահայ և այլազգի երաժիշտների միջև, հատուկ կրթական ծրագրերի միջոցով նպաստել մանուկ և պատանի կատարողների զարգացմանը:
Այս տարվա փառատոնը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, նախատեսում է իրականացնել մի շարք համերգներ, որոնցում կներգրավվեն հայ երիտասարդ շնորհալի կատարողներ` հնչեցնելով պրեմիերաներ և դասական շրջանի հազվագյուտ կատարվող ստեղծագործություններ գրված տարբեր կամերային կազմերի համար։
Փառատոնը առանձնակի կարևորում է մարզերում համերգային և կրթական ծրագրերի իրականացումը, հատկապես ուշադրության կենտրոնում պահելով կամերային երաժշտությունը և թավջութակ ու ալտ գործիքները։ Այս նպատակի իրականացման շրջանակներում նախատեսվում են համերգային ծրագրեր և վարպետության դասեր։
Այս տարի փառատոնի համերգային ծրագրերում նախատեսվում են այցելություններ Արագածոտնի (Աշտարակ), Կոտայքի (Աբովյան) մարզեր և Արցախ (Ստեփանակերտ):
Փառատոնը կհյուրընկալի բազմաթիվ մրցույթների դափնեկիր, Ուտրեխտի երաժշտական համալսարանի պրոֆեսոր, թավջութակահարուհի Տիմոռա Ռոսլեռին (Իսրայել, Հոլլանդիա):
Կիրականացվեն համատեղ ծրագրեր Հայաստանի Լ. Մեծագործի անվ. տաճարականների միաբանության,
«Փյունիկ» հաշմանդամների միություն ՀԿ-ի, Խաչատրյանի անվ. պետական լարային քառյակի, «Հարմոնիում» ԵԶԿ Հասարակական Կազմակերպության, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ:
Փառատոնը կիրականացվի հունիսի 7- 29-ը ընկած ժամանակահատվածում։
Նախատեսվում է 6 համերգ, որոնցից հիմնականի մուտքն ազատ է, իսկ բացման և փակման համերգներին փառատոնի և Լ. Մեծագործի անվ. ասպետական միաբանության անդամների համագործակցությամբ նախասրահում կիրականացվի ցուցահանդես վաճառք՝ ձեռագործ իրերի, որոնք պատրաստված են «Փյունիկ» հաշմանդամների միության երեխաների կողմից, իսկ ողջ հասույթը կփոխանցվի հենց իրենց, որպես աջակցություն:
Ստորև նեկայացնում ենք Փառատոնի օրակարագը՝
7 հունիսի,Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն , 19:00
Փառատոնի բացման համերգ.
Կամերային երաժշտության երեկո
Ծրագրում՝ Յ. Բրամս, Կ. Սեն-Սանս, Պ. Չայկովսկի, Ս. Նաղդյան, Ալ. Հարությունյան, Դ. Պոպպեր, Կ. Դավիդով, Հ. Վիլա -Լոբոս, Տ. Մանսուրյան
Մասնակիցներ՝ Դուետ «Արս լունգա»՝ Արամ Թալալյան /թավջութակ/, Ջուլիետա Վարդանյան /դաշնամուր/, Յանա Դարյան /ալտ/, Հասմիկ Բաղդասարյան /սոպրանո/, Արտյոմ Իոանիսյան /թավջութակ/ (դաս. Գ. Ռաֆայելյան), Լիլյա Առուստամյան /թավջութակ/ (Գ. Ռաֆայելյան) , Միքայել Կարախանյան /թավջութակ/( դաս. Ա. Թալալյան), Փառատոնի թավջութակահարների անսամբլ
Մուտքն ազատ է
10-17 հունիսի, համերգներ մարզերում (3 համերգ)
Նախատեսվում են համերգներ և վարպետության դասեր
Ծրագրում՝ Հայկական և արևմտաևրոպական կամերային երաժշտություն
25 հունիսի, Գաֆէսճեան արվեստի կենտրոն, հատուկ միջոցառումների սրահ, 15:00
Կամերային երաժշտության երեկո
«Միայն Բախ»
Ծրագրում ՝ Յ. Ս. Բախի ամբողջական սոնատները թավջութակի /վիոլա դա գամբա/ և դաշնամուրի /կլավեսին/ համար
Մասնակցում են՝ Դուետ «Արս լունգա»՝ Արամ Թալալյան /թավջութակ/, Ջուլիետա Վարդանյան /դաշնամուր/
Տոմսի արժեքը 3000 ՀՀԴ
29 հունիսի, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն, 19:00
Փառատոնի փակման համերգ.
Կամերային երաժշտության երեկո
Ծրագրում՝ Ալ. Հարությունյան, Ա. Վիվալդի, Լ. Բոկկերինի
Մասնակիցներ՝ Տիմոռա Ռոսլեր /թավջութակ/ (Իսրայել,
Հոլլանդիա), դուետ «Արս լունգա»՝ Արամ Թալալյան /թավջութակ/, Ջուլիետա Վարդանյան /դաշնամուր/, Յանա Դարյան /ալտ/, Լուսինե Հակոբյան /դաշնամուր/, Սուրեն Խորոզյան /կլարնետ/, «Խաչատրյանի անվ. պետական լարային քառյակ» ՝ Մերի Մարգարյան / I ջութակ/, Հայկ Վարդանյան / II ջութակ/, Վաչե Հովեյան /ալտ/ , Արամ Թալալյան /թավջութակ/, Փառատոնային նվագախումբ
Մուտքն ազատ է: