03/06/2017 10:09
Գյուղերի դպրոցները, հնարավոր է, ևս օպտիմալացվեն. ՀԺ
Որքան էլ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը խոսում է միայն քաղաքային դպրոցները միավորելու և խոշորացնելու մասին, «Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, դրան զուգահեռ մարզպետարաններում քննարկումներ և աշխատանքներ են իրականացվում գյուղական համայնքներում գործող դպրոցներն օպտիմալացնելու ուղղությամբ:
Նախարար Լևոն Մկրտչյանի՝ թեմայի շուրջ տարբեր առիթներով մեկնաբանություններից հասկանալի է դառնում, որ ինքը դեմ է գյուղերում գործող դպրոցները փակելուն, բայց մյուս կողմից էլ դրա ջատագով մարզպետարաններ իրավասու չեն վերջնական որոշում կայացնելու:
Ուրեմն ինչով է պայմանավորված նման իրավիճակը. «Ինձ համար սկզբունքային է, որ պետք է բնակավայրը ունենա դպրոց: Բայց եթե որևէ գյուղում կա 7-8 երեխա ունեցող դպրոց և մեկ կիլոմետրի վրա գործում է մեկ այլ դպրոց, ու ճանապարհը այնպիսին է, որ հնարավոր է տեղափոխել, այդ հարցը կարելի է դիտարկել: Բայց յուրաքանչյուր դեպք պետք է հստակ լինի: Իսկ որպես սկզբունք՝ մենք պիտի իմանանք՝ եթե բնակավայրը ունի ապագա, այդ ապագայի մեջ տեղավորվում է դպրոցը: Այսինքն՝ եթե բնակավայրը ապագա չունի, դա ուրիշ խնդիր է, բայց եթե բնակավայրը պիտի շարունակի իր գործունեությունը, պիտի ունենա իր լիարժեք գործունեության համար անհրաժեշտ պայմաններ», - թերթի հարցին պատասխանելով՝ ասել է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: