03/06/2017 16:30
Թալիշում ապրիլից հետո վտանգը որոշ չափով ավելացել է, բայց նոր միջոցներով ենք դիմակայելու դրան. գյուղապետ (Լուսանկարներ)
ԼՂՀ Մարտակերտի շրջանի սահմանամերձ Թալիշ գյուղում շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, այս մասին գյուղում լրագրողների հետ զրույցում ասաց համայքնի ղեկավար Վիլեն Պետրոսյանը։
«Շինարարություն է ընթանում գյուղապետարանում և հանդիսությունների շենքում։ Մոտ օրերս կսկսվեն դպրոցի և մանկապարտեզի շենքերի կառուցման աշխատանքները։ Դրանց զուգահեռ կկառուցվեն նաև 3 անհատական տներ», - ասաց Վ. Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ այս պահին գյուղում կա 20-ից ավելի բնակիչ՝ բոլորը տղամարդիկ։
«Նրանք զբաղվում են գյուղատնտեսությամբ, նաև ծառայություն են մատուցում։ Իսկ ընտանիքները գտնվում են համայնքից դուրս՝ հիմնականում Ալաշան կոչվող տեղամասում։ Ապրիլյան դեպքերից հետո Ղարաբաղում Թալիշի 500 բնակչից մնացել էին 130 բնակիչ, հիմա այդ թիվը հասել է արդեն 300-ի։ Ալաշանից բացի, նրանք տեղակայված են հանրապետության տարբեր շրջաններում, իսկ Ալաշանում արդեն ավարտվում է 20 տնակների հավաքումը։ Այդտեղ նախատեսված է տեղափոխել ևս 20 ընտանիք, որից հետո հույս ունենք, որ կկարողանանք ավելացնել ևս 10 նման տնակ», - ասաց Թալիշի գյուղապետը։
Անդրադառնալով ապրիլյան իրադարձությունների ժամանակ թալիշեցիների կրած վնասների փոխհատուցմանը՝ նա նշեց, որ գործընթացը մասամբ կատարված է։
«Կառավարությունը կատարել է վճարումներ, օրինակ, եթե բնակչի մեքենան վնասվել էր թշնամու կողմից՝ վնասն ամբողջոթյամբ փոխհատուցվել է։ Երկրորդ փուլով կփոխհատուցվի անասնագլխաքանակը», - ասաց Վ. Պետրոսյանը։
Ինչ վերաբերում է գյուղում անվտանգության երաշխիքներին, գյուղապետը նշեց, որ Թալիշում միշտ էլ եղել են կրակոցներ.
«Սկսած 2013-ից գյուղի ուղղությամբ անգամ, իհարկե, ոչ անմիջապես բնակավայրի վրա, պայթել են արկեր։ Այդ ամենն արդեն շատ սովորական էր դարձել բնակչության համար, այսօր ևս մի որոշակի չափով ավելացել է վտանգը, բայց դրան զուգահեռ մենք նոր տարբերակներով ենք ուզում դիմակայել դրան։ Օրինակ՝ ինչպես դպրոցը և այլ համայնքային կառույցներ, այնպես էլ կառուցվող բոլոր անհատական տները կունենան իրենց ապաստարանները», - ասաց Վ. Պետրոսյանը։
Համայնքի ղեկավարն անդրադարձավ նաև բերքահավաքի շրջանին՝ նշելով, որ այս տարի Թալիշում բերքը բավականին շատ է։
«Բերքը Թալիշում շատ է, և ես համոզված եմ, որ մեր բնակիչներն անպայմանորեն և՛ թափելու են Թալիշի թութը, և՛ քաղելու են ծառերի վրայի եղած բերքը։ Հենց անմիջապես իրենք՝ ոչ ուրիշները։ Ինչ վերաբերում է նրանց տրվող արտոնություններին, այսօր Ալաշան տեղամասում ապրող թալիշեցիները լիովին ազատված են ջրի և հոսանքնի վճարներից։ Ես համոզված եմ՝ վաղը-մյուս օրը, երբ Թալիշը բնակեցվի, գյուղին կտան ոչ թե արտոնություններ, այլ՝ առաձին կարգավիճակ ու տրվող արտոնությունները կտարբերվեն մնացած բնակավայրերին տրվող արտոնություններից», - ամփոփեց Վիլեն Պետրոսյանը։