03/06/2017 17:25
Սենթ Քիթս և Նևիս-Հայաստան խաղը չի լինի խաղ ընդդեմ Հենրիխ Մխիթարյանի. Ժակ Պասսի
Սենթ Քիթս և Նևիսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ժակ Պասսին մանրամասն հետևել է Հայաստանի ազգային հավաքականին:
«Իմ աշխատանքն է դիտել մեր բոլոր մրցակիցների խաղերը, մեզ համար բոլոր խաղերը կարևոր են, մենք ունենք նպատակներ` կապված 2022 թվականի հետ», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Մարզիչն ընդգծեց, որ իրենց հավաքականի համար Հայաստանի ազգային հավաքականի դեմ խաղալը մեծ պատիվ է:
«Վաղը կձգտենք լինել մրցունակ, ինձ համար կարևոր է արդյունքը, մենք 11 հազար կիլոմետր չենք կտրել հասել Հայաստան, որ չմտածենք արդյունքի մասին, մենք վաղը խաղալու ենք մի թիմի դեմ, որն ակնհայտորեն ունի մեզանից ավելի բարձր կարգ», - ասաց Ժակ Պասսին:
Սենթ Քիթս և Նևիսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ Հայաստանի հավաքականից ակնկալում է, որ թիմը ցուցադրի իր լավագույն խաղը:
Հարցին` ինչպե՞ս են պատրաստվում պայքարել Հայաստանի ազգային հավաքականի առաջատարի` Հենրիխ Մխիթարյանի դեմ, նա պատասխանեց. «Սա ընդդեմ Հենրիխ Մխիթարյանի խաղ չէ, մենք պատրաստվում ենք պայքարել ամբողջ թիմի դեմ»: