05/06/2017 15:47
Ֆիլմ սիրողների համար «Ոսկե ծիրանը» խրախճանք է լինելու. Հարություն Խաչատրյան
Երևանում անցկացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի 14-րդ անգամ կմեկնարկի հուլիսի 9-16-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեցին ՀՀ Մակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:
«Սա մեր իրականության մեջ ոչ միայն կինոյի, այլ նաև արվեստի ու տրամադրության տոն է, որն ամեն տարի ջերմություն ու նոր գույներ է բերում մեր հանրապետությանը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը ներկայումս մշակման փուլում գտնվող կինոյի զարգացման մեր պատկերացրած հայեցակարգում կարևորագույն դերակատարություն է ունենալու, քանի որ սա հարթակ է, որտեղ պետք է շփվեն, մտքեր ու գործարար ծրագրեր փոխանակեն կինոարտադրողները: Չնայած այս տարվա ֆինանսական սուղ պայմաններին, կարծում եմ՝ փառատոնը մյուս տարիներից ոչնչով չի տարբերվելու», - նշեց նախարարը:
«ՎիվաՍել - ՄՏՍ» ընկերությունը «Ոսկե ծիրանի» հավատարի գործընկերն է եղել բոլոր 14 տարիների ընթացքում: Ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ այս փառատոնն այն կարևոր միջոցառումներից է, որն արդարացնում է իր առաքելությունն ու մեր երկրի անունը հնչեցնում ամբողջ աշխարհում: Հենց դա էլ կարևորելով՝ ընկերությունը շարունակում է աջակցել փառատոնին:
Հարություն Խաչատրյանն էլ իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր հովանավորներին, որոնց աջակցությամբ հնարավոր է եղել կազմակերպել փառատոնը: Կարևորելով «Ոսկե ծիրանի» դերը՝ Հ. Խաչատրյանն ընդգծեց, որ այն բարձրացնում է երկրի վարկանիշը: «Շատ երկրներ իրենց ուղերձներում «Ոսկե ծիրանը» նշում են որպես Հայաստանի լավագույն մշակութային գործերից մեկը», - հավելեց նա:
Վերջինս նաև նշեց, որ այս տարի փառատոնում նորամուծություն է եղել և հանդիսդատեսն ինքն է առաջարկել ֆիլմեր, որոնք կցանկանա դիտել. արդյունքում փառատոնում ընդգրկվել է 8 ֆիլմ Կաննի փառատոնից. «Այնպես, որ ֆիլմ սիրողների համար փառատոնը խրախճանք է լինելու»:
Սուսաննա Հարությունյանն ընդգծեց, որ փառատոնի բացմանը կցուցադրվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, որի 90-ամյակը լրանում է այս տարի: Վերջինս նշեց, որ Պարսկաստանում խասփուշների՝ ընչազուրկ գյուղացիների և արհեստավորների ապստամբության մասին պատմող այս ֆիլմը հայկական առաջին պատմահեղափոխական կինոնկարն է:
Հարությունյանի խոսքով՝ փառատոնի փակման ժամանակ կցուցադրվի հայոց ցեղասպանության մասին պատմող Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» ֆիլմը (2017 թ.):
Նախատեսվում է նաև ընդլայնել փառատոնի աշխարհագրական սահմանները:
«Այն ֆիլմերը, որոնք իրավունք կունենան շրջագելու հանրապետության տարբեր մարզերում, շրջիկ կինոթատրոնների միջոցով կցուցադրվեն տարբեր մարզերում, համայնքներում, քաղաքներում ու գյուղերում, ինչը կնպաստի կինոփառատոնի աշխարհագրության ընդլայնմանը», - նշեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Բանախոսները նաև տեղեկացրին, որ այս տարի փոխվել է փառատոնի լոգոն, որտեղ ծիրանի սիմվոլը պատկերված է 14 կողանի երկրաչափական մարմնի միջոցով: Սա խորհրդանշում է փառատոնի 14-ամյակը:
Այս տարի փառատոնը ստացել է մոտ 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան 100 ֆիլմ: