05/06/2017 12:03
Արաբական չորս պետություններ խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Արաբական չորս պետություններ՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ: Առաջինն այդ մասին հայտարարել է Բահրեյնի թագավորությունը, հայտնում է РИА Новости-ն:
Հաղորդագրությունը, որը տարածել է Բահրեյնի պաշտոնական գործակալությունը, նշվում է, որ Մանաման նման քայլի է գնացել Դոհայի շարունակվող քաղաքականության պատճառով՝ կապված «Բահրեյնի թագավորությունում անվտանգության և կայունության հետ կապված իրավիճակը սրելու և նրա գործերին միջամտելու, ահաբեկչական գործունեությանն աջակցելու հետ»:
Բահրեյնը կատարցի դիվանագետներին 48 ժամ է տվել՝ թագավորության տարածքը լքելու համար: Մանաման նաև դադարեցրել է Դոհայի հետ օդային և ծովային հաղորդակցությունն ու Քաթարի քաղաքացիներին արգելել Բահրեյն այցելել:
Նման քայլերի մասին հայտարարել են նաև Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Եգիպտոսը:
Իր հերթին Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի հրամանատարությունը հայտարարել է, որ դադարեցվում է Կատարի մասնակցությունը Եմենում ռազմական գործողությանը՝ «Դոհայի կողմից «Ալ կաիդայի» և ԻՊ-ի (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) անօրինական խմբավորումներին աջակցելու պատճառով»:
Քաթարի և հարևանների միջև կոնֆլիկտը ծագել է Էր Ռիադում Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ-ի գագաթնաժողովից մեկ շաբաթ անց, երբ Կատարի լրատվական գործակալությունը երկրի էմիրի անունից ուղերձ է տեղադրել՝ Իրանի հետ հարաբերություններ կառուցելու օգտին: Հանդիպման ժամանակ Սաուդյան Արաբիայի իշխանությունները բոլոր հյուրերի անունից՝ դատապարտել էին Թեհրանին՝ նրա թշնամական քաղաքականության համար և սպառնացել համարժեք պատասխանով:
Ավելի ուշ Քաթարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ գործակալության կայքը կոտրել են, և էմիրի անունից հայտարարությունը հրապարակել են հաքերները: Սակայն Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն ու Բահրեյնն այս հերքումը համոզիչ չեն համարում: