05/06/2017 09:18
Սահմանային իրավիճակը կայուն լարված է. բացառվել են դիվերսիոն գործողությունները. ՊԲ հրամանատար
Սահմանային իրավիճակն այսօրվա դրությամբ կարելի է գնահատել կայուն լարված, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ Պաշպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։
«Նախորդ ամիսների հետ համեմատած որոշակի նվազում կա, չնայած ժամանակ առ ժամանակ լարվածության աճ է լինում և դա երկար չի տևում։ Եթե համեմատելու լինենք ապրիլյան գործողություններից հետո իրավիճակի հետ, լարվածությունը մի քանի անգամ նվազել է բոլոր առումներով», - ասաց ՊԲ հրամանատարը։
Նա ընդգծեց՝ բացառվել են հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունները։
«Կարելի է ասել` դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունները բացառվել են։ Դրանց վերջնակետը եղել են փետրվարյան դեպքերը։ Ինչ վերաբերում է տարբեր տրամաչափերի զենքերից կրակոցներին, դրանք մի քանի անգամ նվազել են։ Ընդհանրապես 2017թ.-ին, 2016թ.-ի հետ համեմատած, մի քանի անգամ ավելի քիչ է այդ խախտումների քանակը և կարելի է ասել՝ որակական տարբերություն էլ կա։ Մեր կողմից էլ տրվել են այնպիսի պատասխաններ, որ փորձ չձեռնարկեն հետագայում նման հարվածներ հասցնել։ Աշխատել ենք այնպիսի հարվածներ հասցնել, որոնց վնասը մի քանի անգամ ավելին է, քան թե իրենց մեզ տվածը։ Ընդհանուր առմամբ իրավիճակը կարելի է գնահատել կայուն լարված, չեն դիտվում զարգացման միտումներ», - ասաց Լ. Մնացականյանը։