07/06/2017 09:51
Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է բիզնես հիմնել Համբուրգում. ՀԺ
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմները հերթով արտագաղթում են: «Հայկական Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ պատրաստվում է արտագաղթել Արտաշատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը:
Հովիկ Աբրահամյանի այս ազգականը նախկին վարչապետի հետ տևական ժամանակ է, ինչ քննարկում էր Գերմանիայում բիզնես հիմնելու հարցը: Վերջերս էլ նրանք երկուսով եղել են Համբուրգում և պատրաստվում են արտադրական ձեռնարկություն ստեղծել, որը կգրանցվի հենց Գագիկ Պողոսյանի անունով:
Արտաշատի քաղաքապետի ընտրությունների հետաձգումն ավելի է արագացրել այս գործընթացը և ժամանակ չկորցնելու համար Աբրահամյաններից իրենց հարազատների համար դրսում «փոքրիկ» բիզնեսներ են ստեղծում հետագա բարեկեցիկ կյանքը երաշխավորելու համար:
Նշենք, որ Գագիկ Պողոսյանը Հովիկ Աբրահամյանի ազգականն է, որի միջոցով Աբրահամյանները դեռ իրենց ձեռքում են պահում Արտաշատ քաղաքի կառավարումը: «Հրապարակ» թերթը երեկ գրել էր, որ արտագաղթել է նաև Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը: