07/06/2017 19:34
Մեզ մոտ երբեմն մրցակցային մթնոլորտը երկրորդ պլան է մղվում՝ թույլ տալով, որ հավատարիմ մնանք «փառատոն» բառին. Էրիկ Բարսեղյան
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երիտասարդ ստեղծագործողների միությունը և ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնը՝ աջակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի, արդեն 5-րդ տարին անընդմեջ կազմակերպում են «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական միջազգային բաց փառատոնը:
Փառատոնը արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներին այս տարի մեկ տանիքի ներքո կհամախմբի հունիսի 8-19-ն ընկած ժամանակահատվածում: Բացման պաշտոնական արարողությունը կմեկնարկի «Վեստսայդյան պատմություն» պարային ներկայացմամբ:
«Նկատելի է, որ փառատոնը տարեցտարի աճում ու զարգանում է: Եթե առաջին տարում ունեինք շուրջ 130 մասնակից, ապա այսօր մասնակից ավելի քան 10 երկրներից 500-ից ավել հայտ ենք ստացել: Թեպետ, նրանցից ոչ բոլորն են նախընտրական փուլ անցել, ընտրվել են մրցունակ ստեղծագործությունները: Օրինակ՝ կինոոլորտում մասնակիցներ ունենք Հնդկաստանից, Բոսնիայից և մի շարք այլ երկրներից, որոնց ներկայացուցիչները չեն կարողացել գալ, բայց իրենց ֆիլմերն են ուղարկել: Իսկ Ուկրաինայի, Ղազախստանի, Վրաստանի, Շվեդիայի, Տանզանիայի տարբեր ոլորտի ներկայացուցիչներն այս օրերին Հայաստանում կլինեն», -Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց փառատոնի հիմնադիր-նախագահ Էրիկ Բարսեղյանը:
«ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնում ընդգրկված ոլորտներին՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն), դիզայն և դեկորատիվ-կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում, այս տարի ավելացել է ևս մեկը՝ գրականությունը (դրամատուրգիա, կինոսցենար): Ի դեպ, գրականության մրցույթը նվիրվում է նախորդ տարի կյանքից հեռացած դրամատուրգ սցենարիստ Ռուբեն Հովսեփյանի հիշատակին: «ԱՐՏ ՖԵՍՏ»-ի այս տարվա նորամուծություններից մեկն էլ գումարային տեսքով մրցանակի սահմանումն է:
«Այս մրցանակը սահմանված է միայն գրականության ոլորտի համար: Առաջարկը եղել է Ռուբեն Հովսեփյանի ընտանիքի կողմից: Նրանք ցանկացան, որ լավագույն ստեղծագործությունների հեղինակները պարգևատրվեն 100 հազարական դրամով, մենք էլ այդ առաջարկը սիրով ընդունեցինք», - նկատեց մեր զրուցակիցը:
Մյուս անվանակարգերի հաղթողների համար սահմանված մրցանակները թեև նյութական չեն, ձեռք են բերում միայն հաղթողի «դիպլոմը», սակայն մասնակիցներին համագործակցությունների լուրջ հնարավորություններ են ընձեռվում: Համագործակցություն է ծնվում նաև այն մասնակիցների հետ, ովքեր մրցանակային որևէ տեղ չեն զբաղեցրել, սակայն շատ ակտիվ, ստեղծագործ երիտասարդներ են: Օրինակներից մեկն այն է, որ նախորդ մասնակիցներից մեկին Սամվել Սևադան աշխատանքի ընդունեց իր մոտ՝ որպես օգնական:
«ԱՐՏ ՖԵՍՏ»-ը նախատեսված է 16-30 տարեկան երիտասարդ ստեղծագործողներին բացահայտելու և աջակցելու նպատակով: Միայն գրականության ոլորտում հնարավորություն է տրվել մինչև 35 տարեկաններին: Սակայն փառատոնի նախագահը մտադիր է հաջորրդ տարի մասնակցության տարիքային շեմը բարձրացնել մինչև 35-ը, քանի որ առաջարկը նկատելի է:
Հարցին՝ արվեստի ո՞ր ճյուղով են առավել հետաքրքրված երիտասարդները, փառատոնի պատասխանատուն ընդգծեց.
«Բոլոր այն ճյուղերը, որոնք առաջին իսկ տարվանից կան, բավական ակտիվ են: Բնականաբար, ցանկացած նոր ավելացված ճյուղ կամաց-կամաց է ակտիվանում, բայց դա, կարծում եմ, պայմանավորված է ինֆորմացիայի տարածմամբ, և ոչ թե երիտասարդների հետաքրքրվածությամբ: Բայց պետք է առանձնացնեմ ու նշեմ, որ շատ ակտիվ են կերպարվեստի բնագավառի մասնակիցները: Ունեցել ենք շուրջ 200 հայտ, սակայն բավական կրճատումներ ենք արել, որի արդյունքում, ըստ իս, ցուցահանդեսի որակը կբարձրանա»:
Նկատառմանը, թե վերջին տարիներին մեծ թափ ստացած փառատոնները որքանո՞վ են նպաստում իրենց առջև դրված խնդիրների լուծմանը, տվյալ ոլորտի որակի բարձրացմանը, մեր զրուցակիցը նշեց.
«Ընդհանրապես, վիճակագրությունը ցույց է տալիս, որ ցանկացած դեպքում քանակի հետ որակն էլ է ավելանում: Ամենածայրահեղ օրինակը բերենք. եթե 100-ի մեջ մեկ տոկոսն է լավը լինում, ապա մեծ է հավանականությունը, որ 200-ից 2 տոկոսը լավը կլինի: Ընտրելու հնարավորություն կա, քանակի մեջ որակը ևս ավելանում է: Մեր հետապնդած խնդիրն է՝ ստեղծագործ երիտասարդներին հնարավորություն տալ ինքնարտահայտվել, ինքնադրսևորվել, ինչո՞ւ ոչ՝ համեմատվել հասակակիցների հետ: Բայց ասեմ, որ մեզ մոտ երբեմն մրցակցային մթնոլորտը երկրորդ պլան է մղվում՝ թույլ տալով, որ հավատարիմ մնանք փառատոն բառին»:
«ԱՐՏ ՖԵՍՏ»-ի ժյուրիի կազմում են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, լուսանկարիչ Սամվել Սևադան, Դիզայներների միջազգային միության անդամ Արամ Նիկոլյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Լալա Մնացականյանն ու Դավիթ Հակոբյանը և այլք… Այս տարի ժյուրիի կազմին են միացել նաև գեղանկարչուհի Անաիդ Քեշիշյանը՝ Շվեդիայից և դիզայներ, Բեբիմերի Սթրոմմբերգը՝ Տանզանիայից:
«Մեր ժյուրին անաչառ է, նրանից որևէ դժգոհություն առ այսօր չի եղել: Ընդգրկված են մարդիկ, ովքեր իրենց ոլորտը թե՛ մեր երկրում, թե՛ արտասահմանում ներկայացնում են ամենաբարձր մակարդակով: Լուրջ ստեղծագործական կենսափորձ ունեցող անհատներ, արվեստագետներ են», - վստահեցրեց Է. Բարսեղյանը:
Փառատոնի պաշտոնական փակումը տեղի կունենա հունիսի 19-ին՝ Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում: