07/06/2017 09:31
ԵԱՀԿ ՄԽ շրջանակում մտածելու ենք՝ ինչպես հաղթահարենք մանր, բայց շատ լուրջ դետալները. Լավրովը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին
Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն բանակցությունների միջոցով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի ուսանողների առջև, փոխանցում է ТАСС-ը։
«Միայն պայմանավորվել, այլ ուղի չկա: Զանազան ձևեր ստացած բանակցային գործընթացի երկարատև ժամանակահատվածում պայմամավորվածությունները բազմիցս մոտ են եղել, նույնիսկ պարզած ձեռքի հեռավորության վրա, բայց հետո գործում էր անվստահության ինչ-որ բնազդ՝ մեկ այս, մեկ մյուս կողմից, բայց աշխատանքը պետք է շարունակել», - ասել է նա:
Լավրովը շեշտել է, որ չնայած բանակցությունների ընթացքում արդեն մշակվել է սկզբունքների հավաքածու, «անհրաժեշտ է համաձայնեցնել մի շարք բարդ դետալներ, որոնք վերաբերում են շատ նրբանկատ հարցերի, այդ թվում՝ ներքաղաքական»։
«Բայց մենք չենք դադարում ջանալ։ Ռուսաստանը ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ միասին, ինչպես գիտեք, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից է, որի կազմում մենք կանոնավոր կերպով հանդիպում ենք կողմերի հետ, ու մենք այսուհետ էլ այդ եռյակի շրջանակում մտածելու ենք այն մասին, թե ինչպես հաղթահարենք մանր, բայց շատ լուրջ դետալները, որոնք դեռ համաձայնեցված չեն եղել», - ամփոփել է Լավրովը։