07/06/2017 13:35
Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է ընդդիմությանը մասնակից դարձնել հակակոռուպցիոն մարմնի անդամների ընտրության գործին (Տեսանյութ)
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին անհանգստացրել է կոռուպցիայի կանխարգելման մարմնում անդամների առաջադրման համար ստեղծվող մրցութային խորհրդի կազմը:
«Առնվազն Ֆելինիի երևակայությունը պետք է ունենալ այս կառույցները համարելու ապաքաղաքական ու չեզոք կառույցներ: Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ այս կառույցների գերակշիռ մասը իշխանության քվոտայով գործող կառույցներ են», - այսօր ԱԺ արտահերթ նիստում «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Զոհրաբյանը:
Նշենք, որ ըստ օրենքի, կոռուպցիայի կանխարգելման մարմնի անդամների թեկնածուների առաջադրման համար պետք է ստեղծվի մրցութային խորհուրդ, որի անդամներին ներկայացնելու է Դատական բարձրագույն խորհուրդը, Մարդու իրավունքների պաշտպանը, Փաստաբանների պալատը, Սահմանադրական դատարանի նախագահը և Հանրային խորհուրդը, որը պետք է ներկայացնի քաղաքացիական հասարակության ներկայացուցչի:
Հակակոռուպցիոն օրինագծերի փաթեթը ներկայացնող ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանից Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե հնարավոր չէ՞ գտնել մի ձևակերպում կամ բանաձև, որ այդ մրցութային խորհրդում ընդգրկվեն ընդդիմության ներկայացուցիչները:
Ի պատասխան Հովհաննիսյանն ասաց, որ կարելի է հարցը քննարկել, բայց միաժամանակ հայտնեց իր անձնական կարծիքը.
«Խմբակցությունների տեսանկյունից առաջադրման փուլում իրավունք վերապահելը համարում եմ բոլոր սկզբունքներին հակասող, քանի որ մինչ այդ պետք է տեղի ունենա մրցույթ: Գտնե՞լ ֆորմուլա, որը կբավարարի և որևէ ձևով կարող ենք մասնակից դարձնել ընդդիմությանը, պատրաստ եմ ձեզ հետ քննարկել, մինչև գտնենք այն բանաձևը, որը կբավարարի երկու կողմերին»: