07/06/2017 14:13
Այդ հրեշտակը կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք ունի՞, թե՞ ոչ. Փաշինյան (Տեսանյութ)
ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ արտահերթ նիստում հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին օրինագծի քննարկման ժամանակ մի քանի ընդհանրական դիտարկում արեց:
«Ասում ենք, որ հակակոռուպցիոն մարմնի անդամները պետք է շատ լավ տիրապետեն բազմաթիվ բաների՝ գերազանց ավարտած լինեն Օքսֆորդը, կյանքում պետք է տիրապետեն ամեն ինչի, իմանան բոլոր օրենքները, լինեն հրեշտակային անձնավորություններ, որ գնան հարևաններին հարցնեն՝ ով է այս մարդը, պատասխանեն հրեշտակ ա, սուրբ ա: Բայց կա հաջորդ հարցը՝ այդ հրեշտակը կոռուպցիոյի դեմ պայքարելու քաղաքական կամք ունի՞, թե՞ ոչ», - հայտարարեց Փաշինյանը:
Շարունակելով դիտարկումները՝ ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ «այդ հրեշտակը», եթե չունենա քաղաքական կամք, ապա կարող է գնալ հակակոռուպցիոն մարմնի աթոռին նստել ու 5-6 տարի «հրեշտակի նման թևածել Հայաստանի կոռումպացված պետական համակարգի վրա ու որևէ մեկին նեղություն չպատճառել»:
Պատգամավորի խոսքով՝ թեկնածուներին ընտրելիս պարտադիր չափանիշ պետք է լինի նրանց կենսագրությունը, որը հիմք կտա պնդելու, որ նա, իսկապես, կպայքարի կոռուպցիայի դեմ: