07/06/2017 13:18
Ֆարմանյանին մտահոգել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում պարոն Կիրակոսի միջոցով գրվելիք անանուն նամակները
ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանին մտահոգել է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնին կոռուպցիայի մասին անանուն անձանց կողմից ազդարարման մասին հարցը:
«Դուք չունե՞ք մտահոգություն անանուն դիմուների հետ կապված: Հաշվի առնելով քաղաքական մշակույթի այն մակարդակը, որում մենք գտնվում ենք, ԶԼՄ-ների այն բնութագրական ելևէջները, որում մենք ապրում ենք, սա կարող է հնարավորություն տալ մի դուռ բացել փաստական մի իրավիճակի, երբ պարոն Պողոսը չի սիրում պարոն Պետրոսին, կազմակերպում է, պարոն Կիրակոսը նամակ է գրում այդ հանձնաժողով, մամուլում լինում է հրապարակում, որ այսինչ բարձրաստիճան պաշտոնյայի անձի մասին քննություն է գնում, գրավոր կդիմի այդ հանձնաժողովին, հանձնաժողովն էլ ստիպված կլինի պատասխանել մամուլին: Հանձնաժողովը մինչև ուսումնասիրի հարցը, այդ պաշտոնյան կդառնա արատավոր պաշտոնյա ու քաղաքական տեսանկյունից բանը բանից անցած կլինի», - իր մտահոգությունները շարադրեց Ֆարմանյանը:
Նկատենք, որ խոսքը հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում ազդարարման ինստիտուտի ներդրման մասին է, և ԱԺ-ին ներկայացրած «Ազդարարման համակարգի մասին» օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է անձանց հաղորդում ներկայացնել կոռուպցիայի մասին և պաշտպանում այդ հաղորդումը ներկայացրած քաղաքացիներին:
Ի պատասխան ԱԺ փոխնախագահն ասաց, որ Ֆարմանյանի մտահոգությունները չունի, քանի որ անանուն կարող են ներկայացվել հանցագործության մասին հաղորդումները:
«Անանուն լինելու հարթակը հասանելի է Գլխավոր դատախազությանը: Հարցը գնում է Գլխավոր դատախազություն և որևէ մեկը հրապարակային այդ մասին չի իմանում: Գլխավոր դատախազությունն իր հերթին դա հանձնարարում է օպերատիվ հետախուզություն իրականացնող մարմիններին: Նրանք էլ սկսում են ստուգել՝ կա՞ն հանցագործության հատկանիշներ, արդյոք Կիրակոսը ստուգելի տվյալներ է ներկայացրել, թե ոչ: Որովհետև ուղղակի ասել, որ դուրս չի գալիս ու դրա հիմքով նամակ գրել, թե էսինչը կաշառք է վերցրել, ուրեմն որևէ մեկը չի էլ ստուգելու նույնիսկ:
«Ես գիտեմ, որ այսինչը կաշառակեր մարդ է ձևակերպումը», մեղմ ասած, ծիծաղելի կլինի ու որևէ մեկին հետաքրքիր չի լինի», -պատասխանեց Արփինե Հովհաննիսյանը՝ նկատելով, որ այսօր էլ իրավապահներին անանուն հաղորդումներ տրվում են, և պետությունը պաշտպանում է նրանց: