07/06/2017 12:35
Ովքեր և ինչպես են լինելու կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի անդամները (Տեսանյութ)
Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմինը, որը ստեղծվելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա, ունենալու է 5 անդամ: Այսօր ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծը՝ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այդ անդամներին ընտրելու է խորհրդարանը պատգամավորների ձայների մեծամասնությամբ:
Կոռուպցիայի կանխարգելման մարմնի անդամների թեկնածուների առաջադրման համար պետք է ստեղծվի մրցութային խորհուրդ, որի անդամներին ներկայացնելու է Դատավորների բարձրագույն խորհուրդը, Մարդու իրավունքների պաշտպանը, Փաստաբանների պալատը, Սահմանադրական դատարանի նախագահը և Հանրային խորհուրդը, որը պետք է ներկայացնի քաղաքացիական հասարակության ներկայացուցչի:
«Այս մրցութային խորհուրդը թեկնածուների մրցույթ է անցկացնելու, որը լինելու է բաց. համակարգչային եղանակով թեստավորում է լինելու ստուգելու թեկնածուների գիտելիքները: Թեկնածուների հարցազրույցը ընթանալու է լրատվամիջոցների ու քաղհասարակության ներկայացուցիչների ներկայությամբ: Արդյունքում ընտրված թեկնածուները ներկայացվելու են Ազգային ժողովին», - ներկայացրեց Հովհաննիսյանը: