07/06/2017 12:21
Այսուհետև հայտարարագիր կներկայացնեն նաև քննիչներն ու դատախազները (Տեսանյութ)
Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի շրջանակում ԱԺ արտահերթ նիստում ներկայացված օրինագծերով հայտարարգիր ներկայացնող պաշտոնատար անձանց շրջանակը ընդլայնվում է: Այսպիսով, «Հանրային ծառայությունների մասին օրենքում» կատարվող փոփոխություններով առաջարկվում է հայտարարագիր ներկայացնող ներկայիս 500 պաշտոնյայի փոխարեն հայտարարագիր կներկայացնի շուրջ 2200 պաշտոնյա:
«Այս ցանկում ընդգրկված են բոլոր դատախազները, բոլոր քննիչները, քրեակատարողական հիմնարկների ու դատական ակտերի կատարման ծառայության գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք և գնումների բողոքարկման խորհրդի անդամները», - նախագիծը խորհրդարանում ներկայացնելիս հայտարարեց Արփինե Հովհաննիսյանը:
Բացի այդ, հստակեցվել է նաև «ընտանիքի կազմ» հասկացությունը, և հայտարարատու անձի ընտանիքի կազմից են համարվում ամուսինը, անչափահաս զավակը, խնամակալության և հոգաբարձության տակ գտնվող անձինք, ինչպես նաև հայտարարատու պաշտոնյայի հետ համատեղ ապրող ցանկացած անձ:
Կարևոր փոփոխությունը, Հովհաննիսյանի խոսքով, շահերի հայտարարագրի ներմուծումն է: Այսինքն՝ եթե մինչ այժմ պաշտոնյաները հայտարարագրում էին իրենց գույքն ու եկամուտները, ապա այսուհետև նրանցից պահանջվելու է շահերի հայտարարագիր ներկայացնել:
Նշենք, որ «Հանրային ծառայությունների մասին օրենքում» փոփոխությունների մասին նախագիծը ԱԺ արտահերթ նիստի օրակարգ ներկայացվել է «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին», «Ազդարարման համակարգի մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագծերի հետ միասին: