08/06/2017 11:23
Հակակոռուպցիոն մարմին ստեղծելու մասին օրենսդրական փաթեթն ԱԺ-ն ընդունեց բացարձակ մեծամասնությամբ (Տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում պատգամավորների ձայների բացարձակ մեծամասնությամբ՝ 86 կողմ՝ առանց դեմ և ձեռնպահ ձայների, ընդունվեց Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի մասին օրինագիծն ու կից ներկայացված օրինագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ:
Մինչև քվեարկությունը ԱԺ փոխնախագահ և օրինագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը խորհրդարանական ընդդիմությանը տեղեկացրեց, որ ընդունվել է նրանց առաջարկը, և ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կոնսենսուսով կկարողանան թեկնածու առաջադրել հակակոռուպցիոն հանձնաժողովում:
«Արդեն իսկ նախագծում կա դրույթ այդ մասին», - հայտարարեց Արփինե Հովհաննիսյանը:
Վարման կարգով ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բացասաբար չեն տրամադրված ներկայացված նախագծի դեմ և հավելեց. «Ճիշտ է, մեր պատկերացրած նախագիծը չէ, բայց մենք կարծում ենք, որ սա քայլ առաջ է դեպի մեր պատկերացումներին համապատասխանող հակակոռուպցիոն մարմին և համակարգ ստեղծելու ուղղությամբ: Այդ առումով «Ելք» խմբակցությունը կողմ կքվեարկի նախագծին»:
ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենք հարգում են կոնսենսուսը, և «Ծառուկյան» խմբակցությունը ևս կողմ քվեարկեց նախագծին:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգ ներկայացվել է «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին», «Ազդարարման համակարգի մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», նախագիծը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագծերի հետ միասին:
Այս նախագծով առաջարկվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա ստեղծել հակակոռուպցիոն մարմին, որը կունենա 5 անդամ, առանձին աշխատակազմ և կզբաղվի կոռուպցիայի կանխարգելմամբ: