08/06/2017 15:09
Միհրան Հարությունյանը բացարձակապես կապ չունի Մոսկվայում տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցի հետ
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հերքում են լուրերն այն մասին, թե հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի մասնակցությամբ Մոսկվայում ծեծկռտուք ու կրակոցներ են եղել։
«Ամբողջովին սուտ է, ոչ մի կապ չունի նրա մասնակցությունն իրականության հետ, ուղղակի մեքենան կայանված է եղել այն ավտոսպասարկման կետում, որտեղ եղել է կռիվը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը։
Նա վստահեցրեց՝ մարզիկը բացարձակապես կապ չունի դեպքի հետ, բացի նրանից, որ դեպքի ժամանակ տեղում է եղել։
«Միհրան Հարությունյանը, ողջ-առողջ, տրամադրությունը բարձր, տանը նստած է», - վստահեցրեց Կարեն Գիլոյանը։
Դիտարկմանը՝ Life.ru-ն նշել էր, որ դեպքի վայր ժամանած ոստիկանությունը Միհրան Հարությունյանի մոտ գրանցված տրավմատիկ ատրճանակ է հայտնաբերել, ըմբշամարտի ֆեդերացիայի խոսնակը պատասխանեց. «Նման բան չկա, երբ ոստիկանությունը ժամանել է, Միհրան Հարությունյանն այնտեղ չի եղել ընդհանրապես, ուղղակի տեսել են, որ կայանված մեքենաներից մեկը Միհրանինն է, որը կայանված է եղել տեխսպասարկում անցնելու համար, մարդն ընդամենը «ամորտիզատորն» է փոխել, ինչ են ուզում այդ մարդուց»։