08/06/2017 13:18
Կյանքում շատ դժվարությունների կարող եք հանդիպել, բայց երբեք պետք չէ հանձնվել. Հենրիխ Մխիթարյան
Վաղ առավոտյան լեռնագոգցի Նարե Գալստյանը պատրաստվում էր գալ Երևան՝ մասնակցելու Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կազմակերպած հերթական էքսկուրսիային։
15-ամյա աղջիկը պետք է մի խումբ երեխաների հետ այցելեր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիա։ Սակայն չէր էլ պատկերացնում, որ այնտեղ կտեսնի այն մարդուն, ում 8 տարի շարունակ երազում էր հանդիպել...
Հիմնադրամի յոթ շահառու համայնքներից եկած տասը դեռահասներ հրաշալի հնարավորություն ունեցան հանդիպելու «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին։
28-ամյա ֆուտբոլային լեգենդը զրուցեց իր երիտասարդ երկրպագուների հետ ու մի շարք խորհուրդներ տվեց նրանց. «Կյանքում շատ դժվարությունների կարող եք հանդիպել, բայց երբեք պետք չէ հանձնվել... Պետք է նպատակներ ունենաք, հասնեք դրանց ու հետո նոր նպատակներ դնեք ձեր առջև։ Չկան բախտավոր կամ ոչ բախտավոր մարդիկ. բոլորն էլ կյանքում նույն հնարավորություններն են ստանում, բայց ոչ բոլորն են դրանցից օգտվում»։
Հուզված ու ոգևորված երեխաներն աստիճանաբար հաղթահարեցին իրենց երկչոտությունն ու սկսեցին հարցեր տալ հաջողության գաղտնիքների, հանրահայտ լինելու առավելությունների ու թերությունների, ֆուտբոլիստների օգտագործած թալիսմանների մասին։
«Ես սնահավատ չեմ, և չկա ինչ-որ թալիսման, որն ինձ ուժ է տալիս,- ասաց Մխիթարյանը։- Գաղտնիքներ չկան, եթե լավ նախապատրաստվես խաղին, ամեն ինչ էլ կստացվի։ Ամեն ինչ կախված է ուղեղից, աշխատասիրությունից, այլապես ոչ մի թալիսման քեզ չի օգնի։ Ինչ վերաբերում է հանրահայտ լինելուն, ապա դրա բացասական կողմն այն է, որ հանգիստ պահեր քիչ ես ունենում։ Մյուս կողմից՝ շատ հաճելի է, երբ մարդիկ քեզ ճանաչում են ու գնահատում են քո արածը։ Դրան միայն աշխատասիրության միջոցով կարելի է հասնել»։
Զրույցից հետո Մխիթարյանը դարպասապահ կանգնեց, իսկ երեխաները փորձեցին 11 մետրանոց տուգանային հարվածներ իրականացնել...
«Մտքովս էլ չէր անցնում, որ երազանքս կիրականանա,- հիացած ասաց Նարե Գալստյանը։- Տարիներ շարունակ երազում էի այս հանդիպման մասին, ու այն իրականացավ...»
12-ամյա Էմին Մուրադյանը, ով ցանկանում է ֆուտբոլային մեկնաբան դառնալ, ասաց, որ դա իր կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր. «Անընդհատ մտածում էի՝ այս ամենն իրական է, թե ոչ...»
Միջոցառման ավարտին Մխիթարյանը երեխաներին կոչ արեց երբեք չթերագնահատել իրենց ներուժը. «Հենց ինքներդ եղեք այն փոփոխությունը, որ կուզեիք տեսնել ձեր համայնքներում ու ձեր շրջապատում։ Հպարտ եմ, որ Հիմնադրամի բարեկամն եմ»։
Այս հրաշալի հանդիպումը հանրահայտ ֆուտբոլիստի ու Հիմնադրամի միջև համագործակցության սկիզբն է։