09/06/2017 12:15
Հակակոռուպցիոն մարմին ստեղծելու մասին օրենսդրական փաթեթն ԱԺ-ն ընդունեց բացարձակ մեծամասնությամբ
Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծը` 92 կողմ, առանց դեմ և ձեռնպահ ձայների։
Մինչ քվեարությունը «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե այդ մեխանիզմն, ըստ էության, ընդդիմության ձեռքին եղած մեխանիզմ է լինելու։
«Սա հենց մեր օգտագործելու և հրապարակային դաշտ բերելու, հաշվետվողական դարձնելու արդյունքում է, որ կարող է կայանալ և ապագայում կարող ենք ունենալ հակակոռուպցիոն համալիր մարմին։ Սա է պատճառը, որ մենք կողմ ենք նախագծի ընդունմանը, ինստիտուտի ներդրմանը», - ասաց նա:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգ ներկայացվել է «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին», «Ազդարարման համակարգի մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», նախագիծը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագծերի հետ միասին:
Այս նախագծով առաջարկվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա ստեղծել հակակոռուպցիոն մարմին, որը կունենա 5 անդամ, առանձին աշխատակազմ և կզբաղվի կոռուպցիայի կանխարգելմամբ:
Հիշեցնենք նաև, որ նախօրեին Ազգային ժողովի արտահերթ նիստում նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց պատգամավորների ձայների բացարձակ մեծամասնությամբ՝ 86 կողմ՝ առանց դեմ և ձեռնպահ ձայների։