09/06/2017 15:45
ԵԱՀԿ ներկայացուցիչներին զեկուցել են Ադրբեջանի կողմից հայկական սահմանամերձ գյուղերի ու ճանապարհների վրա կրակոցների մասին
Հունիսի 7-ին ՀՀ Տավուշի մարզում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հերթական դիտարկումը, տեղկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկը և նրա դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Մարտին Շուստերը: Սահմանային դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկումից հետո Այգեպարի համայնքում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը՝ ԵԱՀԿ ներկայացուցիչների ուշադությունը հրավիրելով հատկապես սահմանամերձ գյուղերի և ճանապարհների ուղղությամբ ադրբեջանական զինուժի արձակած կրակոցներին:
Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ներկայացված տվյալների համար` ԵԱՀԿ պաշտոնյաները նշել են, որ դրանք կներառեն իրենց զեկույցներում: