09/06/2017 16:40
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Սերգեյ Սարինյանի ընտանիքին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին ցավակցական հեռագիր է հղել անվանի գրականագետ, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ընտանիքին, տեղեկացնում են ԱՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա անվանի գրականագետ, ակադեմիկոս Սերգեյ Ներսեսի Սարինյանի մահվան մասին:
Մեծ է Սերգեյ Սարինյանի ավանդը հայ գրականագիտության զարգացման մեջ: Նա կրթել ու դաստիարակել է մի քանի սերունդների, ովքեր պատվով կշարունակեն իրենց ուսուցչի գործը:
Արցախում միշտ հիշում ու բարձր ենք գնահատում մեր մեծ հայրենակցի, անձնվեր հայրենասերի եւ քաղաքացու ազգանպաստ ու հայրենանվեր գործունեությունը: Նա եղել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակից՝ ըստ ամենայնի սատարելով հարազատ ժողովրդին, ապրելով նրա հոգսերով ու ձգտումներով:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում համբերություն ու ոգու կորով»: