10/06/2017 14:40
Զարմանում ենք` ոնց ա հնարավոր տարեց, հաշմանդամ մարդկանց նման դաժանությամբ սպանել. Թալիշեցին` Խալափյանների սպանության մասին (Տեսանյութ)
2016թ.-ի ապրիլին Ադրբեջանի զինված ուժերը, մտնելով Արցախի Մարտակերտի շրջանի սահմանամերձ Թալիշ գյուղ, առանձնակի դաժանությամբ սպանել էին խաղաղ բնակիչներ, ամուսիններ Վալերա և Ռազմելա Խալափյաններին, ինչպես նաև 1924թ. ծնված Մարուսյա Խալափյանին:
Դեպքերից մեկ տարի անց օրվա իրադարձությունների մասին Aysor.am-ին տեղում պատմեց թալիշեցի Մարտիրոս Վարդանյանը:
Նա առաջինն էր, ով Խալափյանների որդու` Գագիկի հետ, սպանություններից հետո եղավ տանը:
Մարտիրոս Վարդանյանի խոսքով` Վալերա Խալափյանը երկրորդ կարգի հաշմանդամ էր, ուներ տեղաշարժվելու խնդիր: Դա էր պատճառը, որ որդին նախ իր վեց երեխաներին է հրետակոծվող գյուղում հնարավորինս ապահով տեղավորել, ապա փորձել վերադառնալ ծնողների հետևից:
«Մորն ասաց` պապային վեր կացրա, օգնի հագնվի, բայց էլ հետ չկարողացավ գալ: Ստեղ` տան կողքը հենց, կռիվ էր գնում: Չէինք պատկերացնում, որ հնարավոր է թուրքը գա մտնի գյուղ: Իրանց տուն կարողացանք մտնել միայն ապրիլի 2-ի երեկոյան, երբ արդեն ծնողներն ու տատը սպանված էին», - պատմում է Մ. Վարդանյանը:
Մարտիրոսը նշում է, որ մինչ այսօր էլ չեն հասկանում` ինչպես էր հնարավոր նման դաժանությամբ սպանություն կատարել.
«Տան պատերին էլ, որ նայեք, ամբողջը կրակած ա: Երեք տարեց, հաշմանդամ մարդկանց ուղղությամբ էդքան կրակոց արձակելը...»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Թալիշում երեք խաղաղ բնակիչների սպանության ու խոշտանգման վերաբերյալ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել է փաստահավաք աշխատանք:
Ըստ 2016թ. դեկտեմբերին հրապարակված ՄԻՊ զեկույցի` 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական զինված ուժերը կարճաժամկետ կամ երկարաժամկետ հսկողություն են ունեցել ընդհանուր թվով 31 անձանց կամ նրանց մարմինների նկատմամբ (այդ թվում` 3 քաղաքացիական անձ): Ադրբեջանի հսկողության ներքո հայտնվածների շուրջ 90%-ը ենթարկվել են պատերազմական հանցանքների. նրանք խոշտանգվել են, պատժվել են մահվամբ, կամ նրանց մարմիններն անարգվել են: