10/06/2017 14:17
Ժյուրիի անդամները և հյուրերը տպավորված են Խաչատրյանի մրցույթով
Երևանում շարունակվում է Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթը։ Արդեն ամփոփվել է մրցույթի առաջին փուլը։ Երկրորդ փուլ են անցել 17 վոկալիստներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Հայաստանից և Արցախից։
Մրցույթի ժյուրիի անդամ է Մետրոպոլիտեն թատրոնի երաժշտական ադմինիստրացիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Ջոն Ֆիշերը։ Նա ընդգծում է, որ տպավորված է Խաչատրյանի մրցույթով և մեր երկրում դասական երաժշտության ոլորտում կատարած ներդրումներով։ Ըստ պարոն Ֆիշերի՝ այս մրցույթը հնարավորություն է տալիս աշխարհին՝ հասականլու, թե ինչ մեծ դեր է խաղում Հայաստանը երաժշտական ոլորտում։
Ժյուրիի անդամը շեշտում է, որ մրցույթի ընթացքում իրենք ընտրելու են լավագույններից լավագույններին։
Ջոն Ֆիշերը նշում է, որ մասնակիցների մոտ փնտրում է որակյալ ձայն, տեմբր, լավ տեխնիկա։ Օպերային արվեստը մեր օրերում շատ մրցակցային է, ուստի օպերային երգիչը պետք է ունենա նաև երաժշտականություն, խարիզմա, երևակայություն, լեզուների իմացություն։ Հանդիսատեսը պետք է էներգիա զգա նրանից։
Առաջին փուլն ավարտվել է, և մեր հարցադրմանը՝ արդյոք նման ձայներ և երգիչների նա հայտնաբերե՞լ է մասնակիցների մեջ, Ջոն Ֆիշերը նշեց՝ այո, և ոչ մեկը։ Ըստ նրա՝ կան շատ շնորհալի երգիչներ, շալ լավ ձայներ։
Նա նշեց նաև, որ երաժշտության լեզուն ունիվերսալ է, այն շատ կարևոր արվեստի ճյուղ է. դա լեզու է, որով մարդիկ կարող են հաղորդակցվել։ Ըստ նրա՝ երաժշտությունը և երաժշտական կրթությունը պետք է լինեն ամեն տեղ, և մեծ ուշադրություն դարձվի դրանց։
Մրցույթի պատվավոր հյուրերից է հանրահայտ բեմադրիչ, մանկավարժ Պաոլո Միչիչեն, ով ևս ընդգծեց, որ Խաչատրյան մրցույթը շատ հայտնի է Իտալիայում թե՛ որպես կարևոր ստուգատես, թե՛ այն առումով, որ այն ներառում է տարբեր երաժշտական ճյուղեր:
«Նախորդ տարի, երբ ես Հայաստանում էի, հնարավորություն ունեցա հանդիպելու միջազգային հյուրերի հետ, ովքեր մասնակցում էին Խաչատրյանի անվան դիրիժորական մրցույթին: Բոլոր մասնակիցները պրոֆեսիոնալ բարձր մակարդակ ունեին: Ինքս ինձ համար վերահաստատեցի, թե ինչ մակարդակի ուսուցում է կատարվում այստեղ: Մակարդակ, որը հայտնի է ամբողջ աշխարհում: Լսումների ընթացքում հնարավորություն ունեցա ունկնդրելու բազում երիտասարդ երգիչների, ովքեր կրթություն են ստացել Երևանում։ Ուրախ կլինեմ, եթե մենք կարողանանք կապ ստեղծել երևանյան կոնսերվատորիայի և Սիեննայի իմ կոնսերվատորիայի միջև՝ իրականացնելով երկու երկրների երիտասարդ, տաղանդավոր երաժիշտների միջև փոխանակություն»,- հույս հայտնեց ն:
Նշենք, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցկացվում է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։