10/06/2017 11:12
Բախտը մեր կողմն է, ինչ Արթուր Պետրոսյանը եկել է, միայն հաղթում ենք. Պաշտոնյաները հավատում են Հայաստանի հաղթանակին
Հունիսի 4-ին Սենթ Քիթս և Նևիսի հավաքականին հաղթելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի հաղթելու շանսերն առավել մեծ են։ Երկրպագունեը վստահ են, որ այսօր կայանալիք Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) հավաքականի դեմ խաղում Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակ է տանելու։
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ հավաքականը կհաղթի, բայց, նախկին փորձով պայմանավորված, վախենում է գովել հավաքանին, որ չկրվեն։ (Նա «Յուվենտուս»-«Ռեալ» խաղից առաջ շատ վստահ հայտարարել էր, որ «Յուվենտուսն» է դառնալու Չեմպիոնների լիգայի հաղթող-հեղ.)։
«Արդեն վախենում եմ գովեմ, հենց գովում եմ, կրվում են», - Aysor.am-ի հետ զրույցում կատակում է Շարմազանովը։
Նա վստահ է, որ Չեռնոգորիայի հավաքականի հետ խաղում չի գրանցվի այն հաշիվը, ինչ գրանցվեց ամսի 4-ի խաղում։
«Որովհետև Չեռնոգորիան շատ բարձր կարգի հավաքական է ու մեր խմբի ֆավորիտներից մեկն է, շատ նյարդային ու լարված խաղ է լինելու, որովհետև երկու թիմերին էլ անհրաժեշտ է միավոր ու հաղթանակ, քանի որ պարտվող թիմը գործնականում դուրս է մնալու 2018 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու պայքարից», - նշում է նա։
ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ այս խաղում կարևորը ոչ թե պետք է լինի դիտարժանությունը, այլ կարևորը լինելու է արդյունքը։
«Շատ կարևոր է, թե Արթուր Պետրոսյանը ինչպիսի մարտավարություն կընտրի, ինձ մի բան է շատ տխրեցնում, որ Գևորգ Ղազարյանը վնասվածք ունի, մեկ էլ, որ Վարազդատ Հարոյանը երկու դեղին քարտ ունի ու չի կարող խաղալ այդ խաղին, թիմը բալանսավորված է ընդհանուր առմամբ, Չեռնոգորիան լավ թիմ է ու ամեն ինչ կարող է լինել, դրա համար շատ կարևոր է առաջին 20-25 րոպեն ինչպիսի խաղ կգնա, իսկ այն, որ մերոնք պոտենցիալ ունեն, ցանկացած եվրոպական հավաքականի կարող են հաղթել խորոշ հաշվով, դա առաջին անգամը չէ, որ մեր հավաքականն ապացուցել է։ Ես կարծում եմ, որ մերոնք կա՛մ հաղթելու են, կա՛մ ոչ-ոքի կխաղան, որովհետև պարտության դեպքում մեր շանսերը գրեթե զրոյանում են։ Ամեն ինչ կախված է մեր թիմից, առաջատար Հենրիխ Մխիթարյանից, մյուս ֆուտբոլիստներից։ Մաղթում եմ հաջողություն մեր հավաքականին, Արթուր Պետրոսյանին էլ, ոնց որ բախտը մեր կողմն է, ինչ նա եկել է, հլը որ մենակ հաղթում ենք: Ես ցանկանում եմ, որ Պետրոսյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակվի», - ասում է Էդուարդ Շարմազանովը։
Հայաստանի ընտրանու հաղթանակի մեջ շատ վստահ է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ով հավաքականի ամենահավատարիմ երկրպագուն է։
«Շատ տարբեր խաղ է լինելու Մոնտենեգրոյի հետ արտագնա հանդիպումը, նախ փաստը, որ երկու հավաքականների համար, խոշոր հաշվով, այս խաղը վճռորոշ է լինելու՝ կունենա՞ն նրանք շանս նվաճելու աշխարհի առաջնության ուղեգիր, այդ փաստն իսկ հավաքականին ստիպելու է շատ լուրջ գործել, շատ բարդ հանդիպում է սպասվում, ինձ մոտ անգամ տպավորություն է, որ հանդիպումը շատ նման է լինելու 2012 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլում Սլովակիայի հետ խաղին, երբ դրսում հաղթեցինք 4։0 հաշվով, որից հետո մեզ մնաց երեք խաղ, իսկ այդ հաղթանակը ճանապարհ բացեց, որից հետո մենք Մակեդոնիային հաղթեցինք, Իռլանդիայում հայտնի խաղը եղավ, այ ինձ մոտ լարվածության տեսանկյունից Մոնտենեգրոյի հետ հանդիպումը նմանատիպ լարված հանդիպում է լինելու», - նշում է Սամվել Ֆարմանյանը։
Չնայած այս ամենին՝ նա համոզված է, որ մեր հավաքականն ի զորու է հաղթել։
«Մեծ սպասումներ ունեմ, ինչպես Հենրիխ Մխիթարյանն է նշել իր հարցազրույցում՝ մեր հավաքականն, իսկապես, ի զորու է արժանի մրցակից լինել աշխարհի ցանկացած հավաքականի։ Մոնտենեգրոյի հավաքականը վերջին երկու խաղերում պարտություն է կրել, բայց նայել եմ Իրանի հետ խաղը և կարող եմ ասել, որ շատ պինդ պաշտպանական գիծ ունի, և նաև լավ հարձակման գիծ, հուսամ, որ մեր հավաքականը խաղին կմոտենա շատ լավ պատրաստված և սպորտային բախտն ու Աստված մեզ կժպտան, ես հավատում եմ մեր ազգային հավաքականին։ Հուսով եմ, որ տղաները կգործեն առավելագույն պատրաստվածությամբ, իսկ նվիրվածության հարցում որևէ կասկած լինել չի կարող», - կարծում է Սամվել Ֆարմանյանը։
Ազգային հավաքականի խաղին հետևելու է նաև Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա, բացի հաղթանակից, ուզում է, որ Հենրիխ Մխիթարյանը զերծ մնա վնասվածքներ ստանալուց։
«Մի բան կարող եմ ասել՝ մենք հաղթելու ենք, ակնկալում եմ, որ մեր խաղացողների մոտ չեն լինի վնասվածքներ, հատկապես, Հենրիխ Մխիթարյանի մոտ։ Օգոստոսի 8-ին շատ հետաքրքիր խաղ է մեզ սպավում «Ռեալի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» մասնակցությամբ, ըստ այդմ, Մխիթարյանին մաղթենք, որ վնասվածքներ չստանա, որպեսզի մասնակցի այդ խաղին», - Մխիթարյանի մասին մտահոգվում է Արցախի ՄԻՊ-ը։
Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակն է ցանկանում նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, հավաքականի երկրպագու Գուրգեն Արսենյանը։
«Ցանկալի կլինի, որ մեր հավաքականը հաղթի, մենք էլ ուրախանանք։ Այս պահին Հայաստանում չեմ, բայց կաշխատեմ հնարավորության դեպքում գտնել որևէ հնարավորություն, որ անպայման դիտեմ խաղը», - նշում է նախկին պատգամավորը։
Հայաստանի ազգային հավաքականը վերջին երկու խաղերում հայ երկրպագուներին գեղեցիկ հաղթանակներ է պարգևում, հուսով ենք՝ Չեռնոգորիայի դեմ խաղն էլ կդասվի հավաքականի գեղեցիկ ու հաղթական խաղերի շարքին։ Մեզ մնում է միայն սպասել այսօր ժամը 22։45-ին ու հաղթանակ և հաջողություն մաղթել մեր սիրելի հավաքականին։