12/06/2017 16:37
Կա վտանգ, որ ազդարարի ինստիտուտը կդառնա «գործ տվողի» ինստիտուտ. Բորիս Նավասարդյան
Կոռուպցիայի կանխարգելման մարմնի ստեղծման շրջանակներում ազդարարի ինստիտուտի ներդրումը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն անհրաժեշտություն է համարում: Սակայն, նրա պնդմամբ, իրավապահ մարմիններին հանցագործության մասին հաղորդում տվող մարդիկ, այսինքն՝ ազդարարները, պետք է պաշտպանված լինեն:
«Ազդարարը այն դեպքում է արդյունավետ աշխատում, երբ ինքն էլ է հակված պայքարել կոռուպցիայի դեմ: Եթե բնակչությունը, հասարակությունը չի տեսնելու դա, ապա նախ այդ ինստիտուտը ակտիվ չի աշխատելու, կամ աշխատելու է ինչ-որ անձնական խնդիրներ լուծելու, մոնիպուլյացիաներ անելու համար: Այդ դեպքում վտանգը, որ այդ ինստիտուտը կդառնա գործ տվողի ինստիտուտ, կա», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բորիս Նավասարդյանը:
Եթե ազդարարի ինստիտուտը նպաստելու է երկիրը միլիոններից զրկող կոռուպցիայի դեմ իրական պայքարին, ապա Նավասարդյանի խոսքով, այն արդյունավետ կլինի:
«Եթե տեսնեն, որ դա ընդամենը ինչ-որ ցածր աստիճանի պաշտոնյայի պաշտոնազրկության համար է արվում, քանի որ դրանում ինչ-որ մեկը շահագրգռված է, բնականաբար, չի լինի վստահություն, և ինստիտուտը վարկաբեկվելու է», - հավելեց Բորիս Նավասադյանը:
Նույնն է նաև կոռուպցիայի կանխարգելման մարմնի դեպքում. եթե, ըստ Նավասարդյանի, չլինի կոնկրետ արդյունք, ապա այդ ինստիտուտը վարկաբեկվելու է:
Հարցին, թե արդյոք կար անհրաժեշտություն կոռուպցիայի կանխարգելման մարմին ստեղծելու, այն դեպքում, երբ իրավապահ մարմինների իրավասությունների շրջանակում է հենց կոռուպցիայի դեմ պայքարը, Նավասարդյանը պատասխանեց. «Այդ մարմնի ստեղծումով իշխանությունները ընդունում են, որ այն մարմինները, որոնք կան, արդյունավետ չեն, չկա բավարար քաղաքական կամք, որպեսզի այդ մարմինները աշխատեն: Եթե այդ մարմինը արագ արդյունք չի տալիս ու լինում է այդ հիվանդ համակարգի ընդամենը մեկ մաս, բնականաբար, դրանից ոչ մի օգուտ չի լինելու»:
Նավասարդյանը կարծում է, որ կոռուպցիայի կանխարգելման մարմնի ընտրված մոդելը որոշ հույսեր ներշնչում է, սակայն նրան տված գործառույթները սահմանափակ են:
«Այդ ֆունկցիաները կարող են բավարար չլինել, որպեսզի մարմինն առողջացնի ամբողջ իրավիճակը: Իսկ եթե դա չի լինելու, վերադառնում ենք մտքին, որ հերթական անգամ վարկաբեկվելու է հերթական փորձը: Ես ցավում եմ, որ մեր իշխանությունները վարկաբեկման վտանգը չեն զգում», - նկատեց Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ կոռուպցիայի կանխարգելման մարմինը պետք է լինի անկախ, ինքնուրույն, ունենա բավարար լիազորություններ, իսկ դրա անդամները պետք է ունենան պատասխանատվության զգացում:
Կոռուպցիայի կանխարգելման մարմինը, որի վերաբերյալ օրենսդրական փաթեթը օրերս ամբողջությամբ ընդունվեց խորհրդարանի կողմից, ստեղծվելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիման վրա, կազմված է լինելու 5 անդամից, ունենալու է աշխատակազմ: Մարմնի հինգ անդամներն ընտրվելու են մրցութային խորհրդում: Թեկնածուներին կարող է առաջադրել նաև խորհրդարանական ընդդիմությունը: Մարմինը ունենալու է կանխարգելիչ և կրթական գործառույթ: Քննչական գործառույթներ չի իրականացնելու: