12/06/2017 18:39
Դերասան Արման Նավասարդյանը և Համազգային թատրոնը նվաճել են միջազգային փառատոնի մրցանակները
Ուկրաինայի Խերսոն քաղաքում մայիսի 19-27-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած թատերական միջազգային «Мельпомена Таврии» փառատոնի շրջանակներում Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի ներկայացումն ու նույն թատրոնի դերասան Արման Նավասարդյանը բարձրագույն մրցանակների արժանացան:
Թատրոնը ներկայացել էր Դանիիլ Խարմսի «Լյու բոֆ» ստեղծագործությամբ, որն էլ հաղթող ճանաչվեց «Լավագույն ներկայացում» անվանակարգում: Սահմանված «Լավագույն տղամարդ դերակատար» մրցանակն էլ շնորհվեց Արման Նավասարդյանին:
«Մենք առաջին անգամ էինք մասնակցում այս փառատոնին, հանդիսատեսը շատ գոհ էր ներկայացումից, այն անմիջապես սիրվեց: Խաղացել ենք մայիսի 24-ին, փորձեր անելու շատ քիչ ժամանակ ունեինք: Ինձ անչափ հաճելի էր արժանանալ նման ընդունելության, հատկապես, որ մասնակից երկրները քիչ չէին», - Aysor.am-ի հետ զրույցում նկատեց Արման Նավասարդյանը:
Անսպասելի էր նաև այն հանգամանքը, որ ներկայացումից անմիջապես հետո հայկական թատերական պատվիրակությունը մի քանի առաջարկներ ստացավ:
«Միջազգային տարբեր փառատոնների ղեկավարներ մոտեցան ու մեզ հրավիրեցին մասնակցել իրենց փառատոններին: Պետք է հատկապես նշեմ Լիտվայում կայանալիք փառատոնը, որի բացումն այս տարվա օգոստոսի 11-ին վստահվել է մեզ՝ այս նույն ներկայացմամբ: Դա շատ պատասխանատու, բայց նաև պատվավոր առաքելություն է», - խոստովանեց մեր զրուցակիցը:
«Мельпомена Таврии» փառատոնին Հայաստանից բացի մասնակցում էին նաև Ֆրանսիան, Պորտուգալիան, Բելառուսը, Թուրքիան, Վրաստանը, Լեհաստանը, Հունգարիան, Լիտվան, Ռումինիան...
Համազգային թատրոնը փառատոնի հրավերը ստացել էր ԱՐՄՄՈՆՈ փառատոնի ղեկավար Մարիաննա Մխիթարյանից: Մասնակցության հետ կապված բոլոր անհրաժեշտ ծախսերը հոգացել է Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչությունը: