13/06/2017 19:36
Պետք չէ այս հրաշալի երգի վրա ևս մեկ ծանրաբեռնվածություն բարդել. Մարտին Վարդազարյանը՝ հիմնի փոփոխության մասին
Երեկվանից համացանցում բուռն քննարկվում է ֆրանսիական «Le Club de Richard Findykian» ռադիոհաղորդաշարի ընթացքում հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արած այն հայտարարությունը, թե իր՝ «Քեզ համար, Հայաստան» (’Pour toi Arménie’) ստեղծագործությունը կարող է դառնալ Անկախ Հայաստանի նոր օրհներգը:
«Իմ այս երգը, հնարավոր է, դառնա նոր հիմն, ահա, թե ես ինչ եմ ուզում: Նախագահ Սերժ Սարգսյանը և ոչ միայն նա, համաձայն են ինձ հետ», - նկատել է Ազնավուրը:
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի համոզմամբ՝ 1988 թվականի երկրաշարժից հետո ծնված ազնավուրյան երգը իր ազդեցիկ դերն ու նշանակությունն ունեցել է հենց այն պահին, երբ ծնվել է: Չի բացառում՝ ամեն անգամ «Քեզ համար, Հայաստանը» լսելիս մեր աչքերի առջև կհայտնվի 88-ը, Սպիտակը, Գյումրին, երկրաշարժը…
«Դա հրաշալի երգ է, որը ծնվել է հենց այն իրավիճակում, որտեղ և պետք է ծնվեր: Երգն ինչ-որ չափով սփոփանք էր, այդ ժամանակի միավորման, համախմբման սիմվոլներից մեկը դարձավ՝ կապվելով երկրաշարժի ժամանակաշրջանի հետ: Այն հիմն դարձնելու որևէ կարիք չկա, ավելի լավ է մնա այն առաքելությամբ, որով կյանք է ստացել: Ամեն դեպքում, պետք չէ այս հրաշալի երգի վրա ևս մեկ ծանրաբեռնվածություն բարդել: Այն ունի իր ծանրաբեռնվածությունն ու նշանակությունը: Իր դերը խաղացել է ու շարունակում է այդ դերն ուսերին կրել», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց կոմպոզիտորը:
Շառլ Ազնավուրի հայտարարությանը զուգահեռ սկսեցին քննարկումներ ծավալվել, որ որպես Անկախ Հայաստանի նոր օրհներգ գերադասելի է Արամ Խաչատրյանի երաժշտությունը, որը որպես հիմն հնչել է Խորհրդային տարիներին: Այն 1944 -1991 թվականների ընթացքում եղել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Պետական օրհներգը:
Մարտին Վարդազարյանը, միանշանակ, կողմնակից չէ նաև այս տարբերակին:
«Խաչատրյանի հիմնում որոշակի ձգձգվածություն կա, այնինչ ցանկացած հիմնի գլխավոր հատկանիշը հակիրճ, հիշվող ու ոգեշնչող լինելն է: Եվ հետո, դա իր ժամանակի օրհներգն էր: Իսկ եթե մենք խոսում ենք անկախ հանրապետության մասին, ապա գտնում եմ՝ ժամանակին սխալ ընտրություն չի եղել «Մեր հայրենիքի» ընտրությունը», - նկատեց նա:
Կոմպոզիտորն ընդգծեց, որ երկիրը ոչ թե հիմնով է դառնում երկիր, այլ հիմնն է երկրով դառնում հիմն: Նրա խոսքով՝ միջազգային մակարդակով որքան շատ հաջողություններ ունենանք, որտեղ Հայաստանի օրհներգը կհնչի, այնքան շատ այն կճանաչվի ու կգնահատվի:
«Ներկայիս հիմնի մասին խոսելիս շատերն ասում են՝ ինչ-որ աղջկա երգ է… Ո՛չ, սա աղջկա երգ չի, սա Առաջին Հանրապետության ժամանակ ծնված երգ է՝ Նալբանդյանի խոսքերով: Այլ հարց է, որ խոսքերի որոշակի փոփոխությունը շեշտադրության փոփոխություն բերեց ու արհեստականություն մտցրեց երգի մեջ, բայց երաժշտությունը, միևնույն է, լիովին համապատասխանում է հիմն լինելուն», - մեզ հետ զրույցը եզրափակեց ՀՀ ժողովրդական արտիստը: