13/06/2017 14:43
«Չորսիս տեսակետները գրեթե երբեք չեն համընկնում». Վիգեն Չալդրանյանը՝ «Արտ ֆեստ»-ի մասին
«Արտ ֆեստ» միջազգային երիտասարդական փառատոնը շարունակում է Երևանը լցնել արվեստով: Փառատոնյան 10 օրերից երկուսը նախատեսված են կինոդիտումների համար:
Երեկ և այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվում են այն ֆիլմերը, որոնք հաղթահարել են նախընտրական փուլն ու հանձնվել մասնագիտական հանձնախմբի դատին: Այս տարի «Արտ Ֆեստը» ստացել է ֆիլմերի շուրջ 60 հայտ, որոնցից միայն 21-ն են ընդգրկվել մրցութային ծրագրում:
Փառատոնի «Կինոարվեստ» բաժնի ժյուրիի կազմում ընդգրկված են կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Չալդրանյանը, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը, մոտնաժի ռեժիսոր Տիգրան Բաղինյանը և կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը: «Մոսկվա» կինոթատրոնում հենց նրանք էլ վարում էին վարպետության դասը, որին մասնակցում էին փառատոնի մասնակիցներն ու կինոսիրողները:
Վիգեն Չալդրանյանն, ով արդեն երկրորդ տարին է, ինչ ժյուրիի կազմում է, նշեց, որ հավաքված երիտասարդ գործընկներները վաղվա արվեստի հիմքերն են: Նրա խոսքով` շատ դժվար է ընտրել լավագույն մասնակցին, քանի որ ժյուրիի չորս անդամների տեսակետները գրեթե երբեք չեն համընկնում:
«Ես առաջնային կարևորություն եմ տալիս կադրի ետևում ձևավորված պատրաստի մասնագետին: Ինձ համար չկան առանձնացված ոճեր: Ավելի շատ կենտրոնանում եմ տվյալ ոճի մատուցման վրա: Չափանիշները տարբեր են` ձեռագիր, անհատականություն, թեմա և նոր խոսք: Բնականաբար, գործ ունենք մեծ մասամբ ուսանողների աշխատանքների հետ և ունենք սահմանած մեր չափանիշները, բայց այստեղ կարևորը ոչ թե հաղթելն է, այլ ուրիշների կողմից ընկալվելը: Ի վերջո, ինչպես հայտնի ֆրանսիացին է ասում, ամբողջ կյանքը վեճ է ճաշակների շուրջ», - մեջբերելով Ժան դե Լաբրյուերին` նշեց Վիգեն Չալդրանյանը:
Վարպետության դասին հաջորդեց ֆիլմերի ցուցադրությունը, որը կշարունակվի նաև այսօր: Այս տարի, բացի հայաստանցիներից, մասնակցում են նաև երիտասարդ կինոգործիչներ Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ուկրաինայից, Հնդկաստանից և Իրանից:
Հաղթողների անունները հայտնի կդառնան հունիսի 19-ին` փառատոնի փակման արարողության ժամանակ:
Մրցանակներ են սահմանվել «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն կին դերակատար», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն սցենար», «Լավագույն պրոդյուսերական աշխատանք» և «Լավագույն երաժշտական ձևավորում» անվանակարգերում: