14/06/2017 13:47
ՀՀԿ-ին մերժել են, բայց նրանց համար «չկան տհաճ քաղաքական գործիչներ կամ կուսակցություններ»
Հունիսի 16-18-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կազմակերպված «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումին» մի քանի ուժ հրաժարվել է մասնակցել։
«Արցախից միայն Հայկ Խանումյանի գլխավորած ուժն է հրաժարվել մասնակցել համաժողովին, Հայաստանից մասնակցությունը չեն հաստատել «Հայկական վերածննդից», պատճառը, երևի, զբաղվածությունն է», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
ՀՀԿ-ին բացասական պատասխան են տվել նաև Կոնգրես-ՀԺԿ դաշինքից։
Աշոտյանն ասաց, որ իրենք չեն հրավիրել «ՕՐՕ» դաշինքին։
«Մեզ համար չկա հաճելի կամ տհաճ քաղաքական գործիչ կամ կուսակցություն, մենք մասնագիտորեն ենք զբաղվում այս գործունեությամբ, ինչպես բժիշկը։ Երբ բժշկի մոտ գալիս է հիվանդը, բժիշկը չի հրաժարվում այդ հիվանդին բուժելուց, եթե հիվանդը տհաճ է, որպես բժիշկ եմ բերում օրինակը, այլաբանություն չփնտրեք», - նշեց Ա. Աշոտյանը։