14/06/2017 13:23
Հունիսի 16-ից 18-ը Արցախում անցկացվելու է «քաղաքական մտքի զարկերակ» համաժողով
Հունիսի 16-ից 18-ը Արցախում տեղի կունենա Հայաստանի Հանրապետական կուսակցության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կազմակերպված «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումը»:
«Համաժողովի անցկացումը դարձել է ՀՀ քաղաքական կյանքի բարի ու արդյունավետ ավանդույթ, 15 կուսակցություն կլինի ՀՀ-ից ու 6 կուսացկություն՝ ԼՂՀ-ից, կլինեն ինչպես խորհրդանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժեր», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ ֆորումին քննարկվելու են բազմապիսի հարցեր՝ անվտանգության հիմնախնդիր, արտաքին մարտահրավերներ, սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներ, նաև՝ միասնական հայկական լրատվական դաշտի տեղեկատվական անվտանգության հարցեր։
«Հրավիրել ենք աննախադեպ մեծ քանակությամբ փորձագետների. կլինեն ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը», - մանրամասնեց Ա. Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահը ընդգծեց, որ իրենց հաջողվել է արցախյան այս համաժողովը դարձնել քաղաքական մտքի զարկերակ։
«Արցախում երկխոսությունները միշտ ավելի արդյունավետ են լինում, պատահական չէ հենց Արցախի մայրաքաղաքի ընտրությունը», -ասաց Ա. Աշոտյանը։
Նա նշեց, որ ֆորումին մասնակցություն կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ուղերձով, Արցախի նախագահ Բակո Սահակյանը ողջույնի խոսքով, ինչպես նաև մասնակցություն կունենան Սրցախի ու Հայաստանի Ազգային ժողովի նախագահները։