14/06/2017 18:11
Արմեն Մովսիսյանն արդեն Հայաստանում է. մենահամերգներով հանդես կգա Երևանում, Արցախում և Գյումրիում
Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանի՝ տասնամյա ընդմիջումից հետո կայանալիք երևանյան մենահամերգի մասին Aysor.am-ն ընթերցողներին արդեն տեղեկացրել է: Երգիչն արդեն Հայաստանում է ու անձամբ է հետևում համերգի կազմակերպչական աշխատանքներին:
Հունիսի 16-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայանալիք՝ «Իմ կարոտը երգելով» խորագիրը կրող հեղինակային երեկոյի ընթացքում կհնչեն երգահանի հին ու նոր կատարումները: Ինչպես ինքն է նշում՝ այն, ինչ ապրել է, ու այն, ինչը հուզել ու հուզում է իրեն:
«Համերգի կազմակերպման հարցում համագործակցում ենք Եղիշե Պետրոսյանի հետ, ով մինչ իմ գալը մի շարք կազմակերպչական հարցեր, այդ թվում՝ տոմսերի իրացման բարդ աշխատանքը վերցրել է իր վրա։ Համագործակցում եմ նաև «Շանթ» հեռուստաընկերության հետ, որը հանդիսանում է համերգի ինֆորմացիոն հովանավորը», - մեզ հետ զրույցում նշեց Արմեն Մովսիսյանը:
Հեղինակ կատարողը չթաքցրեց՝ չնայած տարիների փորձին, ցանկացած համերգի ժամանակ էլ հուզմունքն առկա է: Առավել ևս՝ հայաստանյան համերգից առաջ: Հարցին՝ քանի՞ ժամ տևողություն կունենա համերգային ծրագիրը, արդյոք այն կսահմանափակվի միայն մեկ օրով, ու քանի՞ օր է հայրենիքում մնալու, պատասխանեց.
«Համերգը միշտ պետք է լինի այնքան, որ հանդիսատեսը չհոգնի: Դա տարիների փորձված ֆորմատ է: Երբեմն ընթացքում ես զգում այդ սահմանը: Թող այս մեկը լավ անցնի, դա արդեն իսկ վատ վատ չի լինի… Ինչ վերաբերում է այստեղ մնալուս օրերի քանակին, եվրոպական համերգները, ցավոք, խլեցին մեկամսյակիս կեսը։ Հուսամ, գոնե մասամբ կհասցնեմ վայելել հայրենիքս»:
Հունիսի 10-ի երեկոյան ԱՄՆ-ից Հայաստան ժամանած արվեստագետը հասցրել է ծանոթանալ մերօրյա Երևանին: Նկատել է՝ Երևանը գեղեցկացել, բայց երևանցին առավել հոգսաշատ է դարձել:
«Հայաստան գալուս առաջին իսկ գիշերը մինչև լուսաբաց զբոսնել եմ Երևանում։ Այն, ինչպես միշտ, չքնաղ է, բայց հոգսառատ, մտահոգ երևանցիների դեմքերը մտորելու առիթ է տալիս: Եվ հետո, վատ է, որ հայրենիքի հմայքը կենտրոնացել է իսկապես եվրոպական չափանիշերով, հմայիչ Երևանի կենտրոնում: Բայց չէ՞ որ Հայաստանը միայն Երևանի կենտրոնը չէ: Ամեն փողոց իմ երիտասարդության մի հուշ է, ու ցավոք, շատ կտորներ փոխված են, երբեմն՝ ավելի գեղեցկացած, բայց առավել հաճախ՝ անհասկանալի շաբլոն ճարտարապետական շինություններով ծանրաբեռնված», - ափսոսանքը հայտնեց նա:
Երևանյան մենահամերգից հետո Արմեն Մովսիսյանը համերգային ծրագրով կուղևորվի Արցախ ու հայրենի Գյումրի:
«Հունիսի 18-ին և 19-ին Արցախ ենք մեկնելու, 24-ին՝ Գյումրի: Այնպես որ, շատ խիտ օրացույց ունենք», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց նա: